Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեկ կողմի նկատմամբ որևէ ճնշմամբ հնարավոր չէ անհրաժեշտ արդյունքի հասնել: Ինչպես նշված է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում, մայիսի 27-ին այդ մասին հայտարարել է ԱՀ-ում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, պատասխանելով ադրբեջանցի ուսանողների այն հարցերին, թե կամ հարկավոր է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի նա հեռանա Լեռնային Ղարաբաղից, կամ էլ Մոսկվան պետք է աչք փակի ուժով այն միացնելու Բաքվի փորձերի վրա:
«Հարցը, որ դուք տվեցիք, ուղեկցում է ինձ Բաքբվում գտնվելուս բոլոր յոթ տարիներին: Ես միշտ միևնույն պատասխանն եմ տալիս, և հարցը տվողներին այն չի գոհացնում: Սակայն, այլ պատասխան չկա: Եվ այժմ ես այն կրկնում եմ: Հակամարտությունը պետք է լուծեն իրենք` Ադրբեջանն ու Հայաստանը: Նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է մենակ լուծել հակամարտությունը 15 կամ 20 րոպեում, սխալվում է: Ռուսաստանը կարող է լինել միայն միջնորդ: Մեկ կողմի նկատմամբ ոչ մի ճնշման միջոցով հնարավոր չէ հասնել անհրաժեշտ արդյունքի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, և այն կարող են ստեղծել միայն ձեր երկրները», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:
Միևնույն ժամանակ, Դորոխինը նշել է, որ ապրիլի սկզբի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող իրավիճակը: Նրա ասելով, մեկ անգամ ևս միանգամայն ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է` խաղաղ:
«Հակամարտող կողմերը և միջազգային հանրությունը պետք է դրանից ճիշտ հետևություններ անեն: Ռուսաստանը նույնպես հետևություններ կանի և կավելացնի միջնորդական ջանքերը», - նշել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով հայերի և ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների տարբեր վերաբերմունքին առնչվող հարցերին, Դորոխինը նշել է, որ պատմականորեն դրանք դասավորվել են տարբեր ձևով: Դիվանագետը կարծում է, որ դրանցում միահյուսվում են տարբեր գործոններ` էթնիկ, կրոնական, մշակութային: «Մեծ նշանակություն ունեն քաղաքականությունն ու տնտեսությունը: Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, սկսել է խորը տնտեսական ինտեգրում մեր երկրի հետ: Ադրբեջանն ընտրել է այլ մոդել` գործընկեր առանց ռազմաքաղաքական և տնտեսական պարտավորության: Մենք հարգում ենք թե մեկ, թե մյուս որոշումը: Մեզ համար կարևոր են թե Ադրբեջանը, թե Հայաստանը: Մենք այդ երկրները չենք հակադրում: Ադրբեջանի հետ բարեկամություն չենք անում ընդդեմ Հայաստանի, և` հակառակը: Դա վերաբերում է նաև Ռուսաստանում երկու երկրների համայնքներին: Մենք չենք ուզում, որպեսզի Ռուսաստանը վերծավի մի վայրի, որտեղ հայերն ու ադրբեջանցիները ինչ-որ վիրավորանքներ պարզաբանեն: Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը: Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ադրբեջանցիներին ավելի վատ է վերաբերվում, քան հայերին, դրանք հույզեր են: Հուսով եմ, որ դրանք բոլորն, այնուամենայնիվ, կանցնեն», - ամփոփել է ռուսաստանցի դիվանագետը: