Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ նա կմնա Հայաստանում որոշում կայացնողների թվում, «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել նախագահի եղբայրը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:
«Կարծում եմ՝ կուսակցական գործունեությամբ կզբաղվի, - նշել է Լևոն Սարգսյանը, - եթե ինքը կուսակցության ղեկավարն է, և ինչպես ասացի, կուսակցական գործունեությունը կշարունակի, իհարկե քաղաքականության մեջ կմնա»:
Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա երկրում որոշում կայացնողների թվում, նախագահի եղբայրը պատասխանել է. «Եթե Հանրապետական կուսակցությունը երկրում լուրջ դերակատարություն ունենա, նշանակում է՝ կուսակցության միջոցով իհարկե կունենա»:
Նա նաև հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու: Լևոն Սարգսյանը հակված է կարծելու, որ եղբայրն իր այդ որոշումը չի փոխի: «Կարծում եմ, որ ոչ: Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև որոշումները փոխվում են ըստ հանգամանքների: Եթե հանգամանքները փոխվում են, որոշումները փոխվում են», ամփոփել է Լևոն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սկսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը, 2014 թվականին հավաստիացրել էր, որ ապագայում չի հավակնի ՀՀ նախագահի, վարչապետի կամ ԱԺ խոսնակի պաշտոններին: