ԵԱՏՄ գործունեության մեկուկես տարվա ընթացքում մեզ իրոք շատ բան է հաջողվել անել այս լայնածավալ ինտեգրման նախագծի առաջ մղման գործում: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
ՌԴ նախագահի ասելով, ԵԱՏՄ-ին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցումից հետո եվրասիական «հնգյակը» ձևավորել է ավելի քան 182 մլն բնակչությամբ ընդհանուր շուկա, ապահովված է ԵԱՏՄ վերազգային մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ինտեգրացիոն գործընթացների կառավարման ժառանգականությունը: «Ստեղծվել է պատկառելի պայմանագրաիրավական հիմք, որն ընդլայնվում է մեր համաձայնեցրած ծրագրերի հիման վրա: ԵԱՏՄ մասին հիմնադիր պայմանագրի զարգացման գործում ընդունվել է ավելի քան 60 համաձայնագիր», - նշել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը համոզված է, որ շատ բանի է հաջողվել հասնել նաև ապրանքների, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ճանապարհին փոխադարձ արգելքների կրճատման գործում: «Չափազանց կարևոր է շարունակել ոչսակագնային կարգավորման ունիֆիկացումը, զարգացնել ապրանքների տեղաշարժին հետևելու մեխանիզմները` ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրման պահից մինչև դրանց հանձնումը սպառողին, կատարելագործել փոխգործակցությունը սանիտարահամաճարակաբանական վերահսկողության ոլորտում, առաջնահերթ ուշադրություն դարձնել տնտեսության գլխավոր հատվածներում համաձայնեցված քաղաքականության վարմանը, ինչպես նաև բնական մենաշնորհների բնագավառում օրենսդրության ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ պետությունների միացմանը Ռուսաստանում իրագործվող ներմուծման փոխարինման ծրագրին: Մենք մեր բոլոր գործընկերներին հրավիրում ենք սարքավերման և բաղադրիչների համատեղ արտադրության ավելի քան 25 ճյուղերում, ներառյալ մեքենաշինությունը, էլեկտրոնային և թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նաև ընդգծել է, որ 2019 թվականին պետք է ձևավորվի էլկետրաէներգիայի ընդհանուր շուկա, պետք է հաստատվի դրա հայեցակարգը, սկսվի համապատասխան ծրագրի նախապատրաստումը, ինչը թույլ կտա ապահովել ԵԱՏՄ անդամ պետությունների ՀՆԱ 7 մլրդ դոլարի լրացուցիչ աճ:
«Այսօր մենք հերթական քայլը կկատարենք 2025 թվականին ածխաջրածինների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ, կընդունենք համապատասխան փաստաթղթեր, որոքն նախատեսում են մրցակցության հավասար պայմաններ ԵԱՏՄ ողջ տարածքում, ինչը գազի ճյուղում կտա տարեկան ավելի քան 1 միլիարդի միագումար էֆեկտ, իսկ նավթի ճյուղում` մինչև 8 մլրդ», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նրա հավաստմամբ, ընթացիկ տարում պետք է ընդունվի շինարարության և նախագծման բնագավառի օրենսդրության ունիֆիկացման «ճանապարհային քարտեզ»: «Մենք պաշտպանում ենք այլ երկրների և ինտեգրացիոն միավորումների, առաջին հերթին, Համագործակցության շանհայյան կազմակերպության և ԱՍԵԱՆ պետությունների հետ ԵԱՏՄ տնտեսական կապերի հետագա խորացման ուղղությամբ ջանքերը կենտրոնացնելու ղազախստանյան նախագահության առաջարկությունը», - եզրափակել է Պուտինը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: