Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 14-ին, Աթենքում` «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը:
Ինչպես նշվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդման մեջ, ցուցահանդեսը, որը կազմակերպվել է երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո, կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի նախագահների մասնակցությամբ:
Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տարածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը: Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակրթությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փոփոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժնում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակութային եղեռնի մասին:
«Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրահատուկ տարեգրությունը:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզվով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու անգլերեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 31-ը: