Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու Ադրբեջանի վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն: Այդ մասին ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Իր ելույթում Նալբանդյանը հիշեցրել է, որ Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագիրը վերահաստատեց ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և հանձնառությունների վրա հիմնված` գործընկերության մեր ընդհանուր տեսլականը: Գագաթաժողովը նաև վերահաստատեց իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` հիմնված 2009 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից արված հինգ հայտարարությունների վրա:
ՙՄենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը Ռիգայի գագաթաժողովին փորձում կանխարգելել եզրափակիչ փաստաթղթի ընդունումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին հղման պատճառով։
Այնուամենայնիվ, Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Ապրիլի սկզբին, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով:
Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ․ եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով: Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը:
Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:
Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն: Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը: Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՚,- ասել է Հայաստանի արտգործնախարարը: