Վերջին տարվա ընթացքում իրավիճակը Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզում անկանխատեսելիորեն կտրուկ փոխվել է: Ռուսաստանն ուժով միջազգային հարաբերությունների բազմաբևեռ համակարգ է կառուցում`բացահայտ կերպով սրբագրումներ կատարելով վերջին քառորդ դարում սովորական դարձած դրանց տրամաբանությունում: Մեր տարածաշրջանում խորանում են բաժանարար գծերը, որոնց հիմնական ուրվագծերն արդեն վաղուց էին նկատվում: Չե՞ք կարծում արդյոք, որ դրանք արդեն նոր երկարատև սառը պատերազմի նշաններ են, որոնք ուղեկցվում են լոկալ թեժ հակամարտությունների առկայությամբ:
Իմ խորին համոզմամբ, սառը պատերազմը երբեք էլ չի ավարտվել, իսկ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, դրա նոր բռնկումն է`կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը, վերջին 10 տարում տնտեսապես ուժեղանալով էներգապաշարների բարձր գների հաշվին, կրկին սկսել է գերտերության կարգավիճակի իր հավակնությունները ներկայացնել: Այո, անցած հետխորհրդային տարիներին Ռուսաստանը խիստ թուլացել է, կորցրել բազմաթիվ գործընկերների`ի դեմս բարեկամ ռեժիմների, զգալիորեն կրճատել է իր ազդեցության ոլորտը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու հիմա, երբ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում միայն երկու-երեք ՙհամեստ՚ գործընկերներ կան, այն, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, ավելի ակտիվորեն է միջամտում հետխորհրդային պետությունների ներքին գործերին: Որոշ դեպքերում այդ միջամտությունը, այսպես կոչված, ՙփափուկ ուժի՚ ձևով է դրսևորվում, Ուկրաինայի, իսկ ավելի վաղ Վրաստանի դեպքում բացահայտ ՙկոշտ ուժ՚ է կիրառվում:
Բանն այն է, որ Ռուսաստանը, նույնիսկ այն ժամանակ, երբ թույլ էր, անուամենայնիվ, ձգտել է իր ակտիվ մասնակցությամբ վերստեղծել բազմաբևեռ աշխարհը, և այդ ճիգերն արտահայտվել են, այսպես կոչված, Պրիմակովի դոկտրինի մշակմամբ, ով արտգործնախարարի պաշտոնում փոխարինեց Անդրեյ Կոզիրևին, ով ընդունում էր ԱՄՆ գերիշխող դիրքը և լիովին սահմանափակվում տարածաշրջանային տերության կարգավիճակով: Իսկ Պրիմակովի դոկտրինը նոր շնչառություն ստացավ հարավսլավական իրադարձություններին ԱՄՆ միջամտությունից հետո: Իր գագաթնակետին այդ դոկտրինը հասավ 2007 թ. Մյունխենում Վլադիմիր Պուտինի ելույթում, որտեղ ՌԴ առաջնորդն ԱՄՆ-ին մեղադրեց միջազգային հարաբերությունների միաբևեռ համակարգ ստեղծելու մեջ, և դա ուղղակի մեսիջ էր առ այն, որ Ռուսաստանը նման քաղաքականության լուրջ հավակնություններ ունի: Այսօր բոլորս տեսնում ենք, թե ինչի հանգեցրեցին այդ հավակնությունները:
Եվ ինչի՞ հանգեցրեցին:
Թափանիվը պտտվում է, ՀԱՊԿ-ն ի վիճակի չէ փոխարինել մոռացության մատնված Վարշավայի դաշինքին, Չինաստանի և ՇՀԿ ու ԲՐԻԿՍ երկրների հետ համագործակցությունը հեռու է ռազմաքաղաքական դաշինքից, նավթային կոնյունկտուրան վատթարանում է: Որպես հետևանք`այս տարիների ընթացքում նավթի ասեղի վրա նստած Ռուսաստանը թուլանում է, հետևաբար, ավելի շատ ագրեսիա է դրսևորում`փորձելով դիմակայել Արևմուտքի միաբևեռությանը և, պաշտպանելով իր, իմ կարծիքով, կայսերական շահերը:
Կարծում եմ, որ արևմտյան փորձագետների հրապարակումների զգալի մասն ավելի շատ էմոցիաներ, հիստերա է պարունակում, քան իրական վերլուծություն այն ամենի, ինչ կատարվում է: Պատմագիտությունը քաղաքագետների համար քիմիա կամ միկրոբիոլոգիա չէ, այն ցանկացած փորձագիտական գնահատականի և կանխատեսման հիմքն է: Չէ որ պատմությունը բազմաթիվ հավաստումներ ունի այն բանի, որ որքան ավելի շատ Արևմուտքը ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, այնքան ավելի անկանխատեսելի և ագրեսիվ այն կարող է դառնալ: Մյուս կողմից`հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանը կամ Բելառուս չէ, այն միջուկային տերություն է` հզոր զինված ուժերով և, անշուշտ, իր աշխարհաքաղաքական շահերով: Իսկ այդ շահերը լրջորեն սահմանափակվել են վերջին 10 տարվա ընթացքում`սկսած Իրաքյան արշավից, այնուհետև, այսպես կոչված, ՙԱրաբական գարունով՚, հասնելով Ուկրաինա: Համենայն դեպս, այդպես են կարծում Կրեմլում`հիմնավորելով Պուտինի վարքագիծը: Չի կարելի չընդունել, որ Ռուսաստանը, եթե չքայքայես ներսից, երբեք ծնկի չի գա և, ընդհակառակը, լուրջ գլխացավանք կդառնա արևմտյան ողջ աշխարհի համար:
Ռուսաստանը միայնակ չէ իր այդ կարգավիճակում: Երբ Արևմուտքի մեծ տերությունները տնտեսապես թուլացել են, ավելի լիբերալ, զիջող են դարձել, կորցրել են իրենց ագրեսիվությունը և զուգահեռաբար կայսերական բարդույթներ ձեռք բերել, որոնց հաղթահարման համար բավականաչափ ժամանակ, իսկ երբեմն, ցավոք, մարդկային զոհերն են պահանջվել: Ըստ որում, այդ բարդույթները մինչ այժմ դեռ չեն հաղթահարել թե’ Մեծ Բրիտանիան, թե’ նույնիսկ Ֆրանսիան: Թե’ Ճապոնիան, թե’ նույնիսկ պարտված Գերմանիան երբեմն զգում են դրանք: Իսկ ԱՄՆ-ը նոր տերություն է և այդպիսին է դարձել շշմեցուցիչ տնտեսական բարգավաճման շնորհիվ, չէ որ վերջինիս է բաժին ընկնում համաշխարհային համախառն արտադրանքի գրեթե կեսը: Երբ պետությունը տնտեսապես ուժեղ է դառնում, համարժեքորեն աճում են վերջինիս հավակնությունները, համաշխարհային ռեսուրսների ավելի մեծ ծավալ վերահսկելու ցանկությունը: ԽՍՀՄ-ը նույնպես նման երկիր էր դարձել, բայց այն թուլացել է 80-ական թթ. վերջին, երբ բյուջեի դեֆիցիտն աճեց 5 անգամ: Հենց այդ ժամանակ խորհրդային ղեկավարությունը համաձայնեց աննախադեպ զիջումների`զորքերի դուրսբերում Աֆղանստանից և Արևելյան Եվրոպայից, Գերմանիայի միավորում: Խնդիրն այն է, որ ռուսական ամբիցիաներն աճում էին նավթի գների աճին համարժեք: Ավելին, անկախ Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայից հետո Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառեց, այլ հասկանալով իրավիճակը`առաջարկեց ՙվերաբեռնման՚ քաղաքականություն: Սակայն, դա որոշակի արդյունք չտվեց, այլ, ընդհակառակը, Ռուսաստանը համարեց, որ իր հետ արդեն հաշվի են նստում, և իրեն ամեն ինչ կարելի է: Այո, ճիշտ եք, դեռ Բիսմարկն է ասել Ռուսաստանի անկանխատեսելիության մասին`թեև կարծում եմ, որ պատժամիջոցները, նավթի ցածր գնի հետ միասին, կարող են թուլացնել վերջինիս կայսերական հավակնությունները: Ռուսաստանը, անուամենայնիվ, ստիպված է, հաղթահարելով կայսերական բարդույթները, հաշվի նստել իրականության հետ, և որպես գերակայություն նախանշել իր ներքին գործերը, և, հույսը չդնելով նավթի վրա, սկսել իր տնտեսության դիվերսիֆիկացմանը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: Գուցե սա իմ կողմից իդեալիստական է հնչում, բայց, չգիտես ինչու, կարծում եմ, որ այս հարցում ես իրատես եմ:
Տպավորություն է ստեղծվում, որ պատմությունն, այնուամենայնիվ, ցիկլային է ընթանում, գալարագծով, ըստ որում`զսպանակ հիշեցնող, ինչն, իհարկե, չի կարող չմտահոգել:
Կարծում եմ, որ կայսերական Ռուսաստանի ընթացքի հետագիծը միջազգային հարաբերությունների արդի պայմաններում սրբագրումների կենթարկվի: Բարեբախտաբար, Ռուսաստանն ունի բոլոր ռեսուրսները և հնարավորությունները: Ես նկատի ունեմ այդ երկրի անցումը լիբերալ կայսրության քաղաքականությանը, ինչը թույլ կտա մի կողմից`կարգավորել Արևմուտքի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից`պահպանել իր աշխարհաքաղաքական և գաղափարախոսական ազդեցությունը` առնվազն, հետխորհրդային տարածությունում: Լիբերալ Անատոլի Չուբայսի այդ գաղափարը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ և իրագործելի է, ըստ որում`համեմատաբար ամենասեղմ ժամկետներում: Ռուսաստանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր նյութական և մտավոր ռեսուրսները: Եվ դա կնպաստի Ռուսաստանի Դաշնության հանդեպ վստահության մեծացմանը, հակառակ դեպքում`երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը տանուլ կտա:
Սառը պատերազմը կառուցվել է նաև գաղափարախոսական առճակատման վրա, այժմ խոսքը վերաբերում է զուտ աշխարհաքաղաքական շահերին: Տարբերությունը դրանում է: Եվ դա շատ բանի մասին է վկայում: Ռուսաստանն ասում է`եկեք հաշվի նստեք նաև մեծ երկրի մեր շահերի հետ: Արևմուտքը չի պատրաստվում դա անել. ահա առճակատման հիմքը:
Ամեն դեպքում Ռուսաստանի մոտեցումը չպետք է
հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների խախտման վրա: Դրանում է արևմտյան
հանրության ողջ դժգոհությունը:
Բայց, չէ որ, ԱՄՆ-ը ոչ հեռու անցյալում թույլ
տվեց իրեն խախտել միջազգային իրավունքի նորմերը`արյունալի պատերազմ սկսելով
Իրաքում`առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության: Փլուզվում է
անվտանգության ողջ համակարգը, և արդեն ոչինչ անել չես կարող:
Դրա օրինակ է է թե’ Սիրիան մի կողմից, թե’
Ուկրաինան`մյուս կողմից: Արևմուտքը`ի դեմս ԱՄՆ-ի, նույնպես հրեշտակ չէ: Կարելի է
բերել նաև Կոսովոյի օրինակը: Սակայն, չնայած այնտեղ տեղի ունեցող ակնհայտ
ցեղասպանությանը`Ռուսաստանը, ելնելով իր շահերից, ՙվետոյի՚ իրավունք կիրառեց: Իսկ
ու՞ր մնաց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը`մարդկանց իրավունքների և
կյանքի պաշտպանությունը:
Բայց, չէ որ,
ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նույնպես միջազգային իրավունքի
հիմնարար սկզբունքներից մեկն է: Կոսովոյում այն կիրառվել է, այլ դեպքերում`ոչ:
Վկայակոչում են հակամարտությունների առանձնահատկությունը, ինչի մասին ոչ ոքի
հայտնի չէ:
Այո, գոյություն ունեն և կիրառվում են երկակի
չափանիշներ: Մի կողմից`խոսվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների
ինքնորոշման մասին, մյուս կողմից` չեչենական 2 պատերազմների ընթացքում Չեչնիայում
200 հազար մարդ է զոհվում`հանուն երկրի ամբողջականության պահպանման: Այդ դեպքում
աբխազ և օս ժողովուրդների ցեղասպանության մեջ Վրաստանին մեղադրելու մասին ի՞նչ
խոսք կարող է լինել: Ռուսաստանն իրականացնում է ՙինչ թույլատրելի է Յուպիտերին,
արգելված է ցուլին՚ քաղաքականություն:
Արդյո՞ք Դուք միջազգային անվտանգության
համակարգի բարեփոխման Ձեր տեսլականն ունեք: Ազգերի լիգան, պատահական չէ, որ
փլուզվեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, այժմ ՄԱԿ-ի՞ հերթն է: Մի՞թե դեռ կարելի է ազգերի համաշխարհային գոյակցության
նոր սկզբունքեր գտնել:
ՄԱԿ-ի անվտանգության համակարգի բարեփոխումն,
անշուշտ, հասունացել է: Այդ հարցն ամենաբարդն է: Պարզ է միայն, որ երբ ՄԱԿ-ի 5
մշտական անդամներ ունեն ՙվետոյի՚ իրավունք, իսկ Անվտանգության խորհրդի մնացած 10
ոչ մշտական անդամներ չունեն այն, և երբ որոշում չի կայացվում առանց ԱԽ մշտական
անդամներից մեկի, այստեղ, փաստորեն, խոսքը վերաբերում է հենց ազդեցության
ոլորտներին: Այնպես որ`պետությունների ինքնիշխան հավասարության մասին խոսելու
իմաստ չկա: Մենք ապրում ենք աշխարհում, երբ քաղաքական ռիալիզմը գերիշխում է
լիբերալիզմի և քաղաքական իդեալիզմի նկատմամբ:
Բոլորը խոսում են ՙռեալ-պոլիտիկի՚ մասին ու
դրանով արդարացնում ռմբակոծությունները…
Ոչ միշտ: ՙՌեալ-պոլիտիկի՚ տեսակետից Ռուսաստանը
պետք է ավելի պրագմատիկ մոտեցում դրսևորի, այդ թվում`Վրաստանի նկատմամբ: Այժմ այն
դե-ֆակտո վերահսկում է Աբխազիան և նախկին Հարավօսական ինքնավար մարզը: Չնայած
Ռուսաստանը կարող էր վերահսկել նաև Վրաստանի ողջ տարածքքը, եթե չլիներ վերջինիս
կողմից կոշտ միջամտությունը հակամարտությանը: Իսկ հիմա Վրաստանը ձգտում է դեպի
Արևմուտք, իսկ Ռուսաստանը, որը վերահսկում է Վրաստանի տարածքի 20%-ը, շարունակում
է պահանջներ ներկայացնել վերջինիս այդ առնչությամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի
անվտանգության համակարգի մեջ մտնելու և ԵՄ-ին ինտեգրվելու ձգտման առնչությամբ:
Անհեթեթություն: Չէ որ, Ռուսաստանն իրենից կախված ամեն բան արեց, որպեսզի Վրաստանը
միանշանակ շրջադարձ կատարի դեպի Արևմուտք: Իսկ ու՞ր մնաց ՙռեալ-պոլիտիկը՚: Այդպես էլ ղարաբաղյան
հակամարտությունում: Մի կողմից`Ռուսաստանը խաղաղարար միջնորդի դեր է խաղում, մյուս
կողմից`ոչ մի կերպ շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, քանի որ ցանկանում
է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը կախվածության մեջ գտնվեն իրենից:
Դժվարությամբ կհամաձայնեմ Ձեր կարծիքին, քանի
որ, ըստ ինձ, դա թվացյալ սխեմա է, իսկ իրականում եթե չլիներ ուժերի
հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչն ապահովվում է Ռուսաստանի շահերի
առկայությամբ, հնարավոր է, չէր լինի նաև խաղաղություն: Դա նույնպես ՙռեալ-պոլիտիկ՚
է:
Այո, բայց եթե այդ հակամարտությունը,
այնուամենայնիվ, կարգավորվի հակամարտող երկու կողմերի փոխզիջումների հիման վրա,
Հարավային Կովկասի միաբանության գործընթացին ոչինչ չի խանգարի, և այդ ժամանակ
դժվար չէ կռահել, թե դեպի ուր կհառեն իրենց հայացքները տարածաշրջանի բնակիչները, և
ում արժեքները նրանց ավելի մոտ կլինեն: