Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի՚ համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն և մեկ տան տանիքի վերանորոգում:
Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:
Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլև` ռազմավարական հարց է: Երբ ամուր են տան պատերը՝ ամուր է նաև հայրենիքի սահմանը: Այդ դեպքում չի լինում տունը լքելու ցանկություն:
Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը տարիներ ի վեր բնակվել է հողաշեն տանը, որը պատերազմի ժամանակ էլ ավելի էր քայքայվել:
«Մի քանի տարի է, ինչ սկսել էինք տան շինարարությունը: Հույս ունեինք, որ ամեն անգամ մի բան կկարողանանք կառուցել, սակայն առանց աջակցության անկարող եղանք: Այսօր իմ ընտանիքը՝ մեծից փոքր, լի է եռանդով և ապագայի լավատեսության հույսերով: Ասես՝ մի նոր կյանք է սկսվել մեզ համար: Անչափ շնորհակալ ենք՚,-ասել է Հայրապետյանների ընտանիքի հայրը՝ Վալերիկը:
«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնող՝ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական կարևոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար՚,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, իսկ անհնարինի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այս ընտանիքների համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել են: Ճիշտ է, տարիներ են անցել, երազանքներ են մեռել ու կրկին հառնել: Այսուհետև, կարծում եմ, ինչպես այս ընտանիքների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց շրջանում կրկին կարթնանա հույսը՝ հավատալու, պայքարելու և անհնարինը հնարավոր դարձնելու համար՚,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնիե նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղի) 480 սոցիալապես անապահով բնակչի կենսական պայմանները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնըե բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 460-ից ավելի ընտանիքների: