ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Լ. Զուրաբյանի հաղորդմամբ ներկայացված հանգամանքները, դրանք տրամադրած անձի կողմից հաստատելուց հետո, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար և ՙՈչ՚-ի ճակատի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ապացույցներ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների կողմից ճակատի վստահված անձանց կաշառելու փորձերի վերաբերյալ: ՙԱվելի վաղ գլխավոր դատախազի հետ պայմանավորվել ենք, որ ես ապացույցներ կներկայացնեմ, իսկ նա օբյեկտիվ հետաքննություն կանցկացնի: Մենք շատ ապացույցներ ունենք, սակայն առայժմ մեկ տեսագրություն կներկայացնենք և կհետևենք իրադարձությունների զարգացմանը՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ կաշառելով, որպես կանոն, զբաղվում են ՙԱյո՚-ի շտաբի անդամները, մարզպետներ, քաղաքապետներ և նույնիսկ ՀՀԿ պատգամավորներ: