Ադրբեջանի իշխանությունները որոշել են վրեժխնդիր լինել
այն օտարերկրյա լրագրողներից, ովքեր մանսակցել են վերջերս Երևանում կայացած
«Արարատի ստորոտին» մեդիաֆորումին:
Մասնավորապես, ինչպես հաղորդում են ադրբեջանական
ԶԼՄ-ները, ֆորումի 30 մասնակիցներ եռօրյա շրջագայություն էին իրականացրել
Ղարաբաղում, որտեղ հանդիպել էին նաև հանրապետության ղեկավարության հետ և այցելել
մի շարք տեսարժան վայրեր: Բաքվում լրագրողներին սպառնացել են «սարսափելի պատիժով»`
ներառել են, այսպես կոչված, «սև ցուցակում»: Այդ «ցուցակում» ներառված մարդկանց
մուտքն Ադրբեջան արգելվում է: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է,
թե «Ադրբեջանի օկուպացված հողեր ապօրինի այցելություն» իրականացրած լրագրողների
նկատմամբ «համապատասխան միջոցներ» կձեռնարկվեն:
Լեռնային
Ղարաբաղ այցելած «անցանկալի անձանց» ցուցակը Բաքուն առաջին անգամ հրապարակել է
2013 թվականի օգոստոսին: Այժմ դրանում ներառված է 331 օտարերկրյա քաղաքացի, որոնց
թվում են Ֆրանսիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի մի շարք խորհրդարանականներ, որոնք
դիտորդ են եղել Լեռնային Ղարաբաղի ընտրությունների ժամանակ, այնպիսի քաղաքական
գործիչներ, ինչպես` Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բեռնզենը,
ֆրանսիացի սենատոր Բեռնար Ֆուրնիեն, մի շարք եվրախորհրդարանականներ, ովքեր
ծառայության բերումով ստիպված են գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, Կովկասի
գծով բազմաթիվ փորձագտեներ: Անցանկալի անձ են հայտարարվել նաև Վաշինգտոնի
Ջոնս-Հոփքինսի համալսարանի մի քանի ուսանողներ, ովքեր այնտեղ էին մեկնել
ուսումնական նպատակներով, ԵԱՀԿ տնտեսության և շրջակա միջավայրի հարցերով
նախկին համակարգող Բեռնար Սնոուն և,
նույնիսկ, Հարավային Կովկասի գծով ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
«Սև ցուցակում» ներառումից չի հաջողվել խուսափել նաև տարբեր երկրների արվեստի
գործիչների և լրագրողների: