Քարոզչական ոչ մի բլեֆ չի կարող ստվեր գցել հայ և հրեա
ժողովուրդների դարավոր հարաբերությունների վրա: Այդ մասին ասվում է Հայաստանում
հրեական «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Իսրայելի Կոմպոզիտորների Միության անդամ
Վիլլի Վայների հայտարարությունում, որի
տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
Վայներն ընդգծում է, որ աշխարհում ապրող ոչ մի հայ կամ հրեա չի կարող և երբեք չի էլ
կարողանա մնալ անտարբեր անմեղ զոհերի մահվան և տառապանքների, 20-րդ դարում
մարդկության դեմ գործված երկու հրեշավոր հանցագործությունների հանդեպ:
«Իմ
ծնողները և նրանց ընտանիքները անցել են տարհանման, աքսորի և համակենտրոնացման
ճամբարների բոլոր արհավիրքների միջով: Ճակատագիրը նրանց բերեց Հայաստան, որտեղ
ծնվել եմ ես և որտեղ ապրում եմ շուրջ 60 տարի: Ինձ համար կրկնակի ցավալի է, բայց
միևնույն ժամանակ բացարձակապես պարզ է, թե ինչու են որոշակի շրջանակներում խղճուկ
ջանքեր գործադրվում, վերլուծության տրամաբանության շրջանակներից դուրս գտնվող կեղծ
«փաստաթղթերի» միջոցով աշխարհի հրեականության շրջանում Հայաստանի և հայ ժողովրդի
նկատմամբ թշնամանք սերմանելու ուղղությամբ», - նշում է Վայները`
հիշատակելով Times of
Israel լրատվամիջոցի «Իսրայել Բարուք» անունով ներկայացող բլոգերի հոդվածը (http://blogs.timesofisrael.com/the-deep-roots-of-bds/
): «Վերջին
շրջանում նմանատիպ կասկածելի հայտարարություններով մի քանի հոդվածներ են լույս
տեսել, որոնք պատկանում են թուրքական և ադրբեջանական քարոզչական թեզերի հանրահայտ
խոսափող-վերլուծաբաններին, որոնց թվում է ադրբեջանական գովազդ հիշեցնող «Իսրայել
Բարուքի» հոդվածը (http://sdjewishjournal.com/site/7541/in-defense-of-peace-and-hope/
): Գրեթե կասկած չի մնում, որ այս վերջին «վերլուծությունը» ևս 2015 թվականին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրք-ադրբեջանական քարոզչական
արհեստանոցի հերթական չստացված սադրանքն է: Այս ռազմավարությունը ցավոք
նպատակաուղղված է՝ շեղելու հայերի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա
տարելիցից և ուղղելու նրանց ռեսուրսները ցեղասպանությունը ժխտողների և
ադրբեջանական նավթային եկամուտներից սնվող ու հովանավորվող հակահայկական արշավների
հակազդմանը: Ցավալի է, որ անգամ որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում տուրք են
տալիս այս քարոզչական խեղաթյուրումներին` գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնալով
զոհ և զոհաբերելով Իսրայելի հանրային կարծիքը, Իսրայելի երկարաժամկետ շահերը նման
էժանագին թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչական նախաձեռնություններին», -
ընդգծում է Վայները: