Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: