Նոյեմբորի 20-ին «Ընդդիմության միասնական շտաբ՚-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Հանրաքվեի գործընթացում ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման քաղաքական և իրավական հետևանքները՝ արձանագրված փաստերի օրինակով՚ թեմայով:
Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը և «Ընդդիմության միասնական շտաբե-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Բանախոսները ներկայացրել են հանրաքվեի գործընթացի ժամանակ ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման փաստերը, արձանագրել, որ կառավարող վարչախումբը բացահայտ կերպով փորձում է բռնության միջոցով ստանալ հանրաքվեի՝ իր համար անհրաժեշտ դրական արդյունք, որը հանգեցնելու է բռնապետության հաստատման և, ի պատասխան դրա՝ քաղաքացիների հավանական ընդվզման՝ այդ ամենից բխող անցանկալի ծանր հետևանքներով, ինչի ամբողջ պատասխանատվությունը կրելու է վարչախումբը: Միևնույն ժամանակ բանախոսներն ընդգծել են, որ նման պայմաններում անցկացվող հանրաքվեն և դրա արդյունքներն ի սկզբանե լեգիտիմ չեն և, եթե այդ հանգամանքը մինչ այդ ակնհայտ էր ՀՀ քաղաքացիների համար, ապա դրանից հետո որպես անառարկելի փաստ ակնհայտ կդառնա ամբողջ միջազգային համայնքի համար:
Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ժաննա Ալեքսանյանը հայտարարել են, որ նոր սահմանադրության դեմ գործող անձանց, առաջին հերթին՝ Նոր Հայաստան ճակատի ներկայացուցիչների դեմ համակարգված կերպով իրականացվող հալածանքի սաստկացումը վկայում է այն մասին, որ վարչախումբը փորձելու է նրանց ղեկավարներին հերթական անգամ ապօրինի կերպով կալանքի ենթարկել, որպեսզի կարողան ապահովել հանրաքվեի դրական արդյունքը: Նրանք նաև հայտարարել են, որ պատրաստ են արագ արձագանքելու վարչախմբի կողմից սպասելի բռնությունների ալիքին և ստանձնելու բռնության ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: