Հունվարի 26-ին մի քանի
հարյուր մարդ է հավաքվել Հայաստանի կառավարության շենքի մոտ` պահանջելով կասեցնել
«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության
վայրից, ակցիային մասնակցում է առևտրի ոլորտի շուրջ 500 աշխատող, բողոքելով 2015
թվականի փետրվարի 1-ից «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման դեմ, որը նախատեսում
է, մասնավորապես, գործարքների պարտադիր փաստաթղթավորում: Ինչպես նշում են ակցիայի
մասնակիցները, Հայաստանի կառավարությունն իրենց հուսախաբ է արել, այդպես էլ ոչ մի
լուրջ քայլ չի ձեռնարկվել հարկային բեռը թեթևացնելու ուղղությամբ: Ավելին, ակցիայի
մասնակիցները կարծում են, որ 2014 թվականի սեպտեմբերից ապրանքների նկատմամբ
պահանջարկը կտրուկ նվազել է, ինչի արդյունքում ներմուծվող ապրանքների զգալի մասն
այդպես էլ չի իրացվել: Բողոքավորները կարծում են, որ ներկայում առաջարկը 5-10
անգամ գերազանցում է պահանջարկը, և վաճառքի գործարքների փաստաթղթավորման մասին
խոսելը, պարզապես, անիմաստ է: Փաստաթղթի դրույթների կիրառմամբ կառավարությունը
պայմաններ է ստեղծում երկրից արտգագաղթի հերթական ալիքի համար, պնդում են նրանք:
Հիշեցնենք. ավելի վաղ նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ պետք է մտնի 2014 թվականի հոկտեմբերի
1-ից, սակայն բողոքի բազմաթիվ գործողությունները գործադիր իշխանությանն ստիպեցին 2
ամսով հետաձգել դրա կիրառման ժամկետը` մինչև 2015
թվականի փետրվարի 1-ը: Օրենքի դրույթներին համապատասխան, շրջանառության
հարկը նվազեցվում է 3,5%-ից մինչև 1%: Սակայն փաստաթուղթը ներառում է գործարքների
պարտադիր փաստաթղթավորման պահանջ, որն էլ հենց բողոքի ալիք է հարուցել: Ապրանքի,
հիմնականում, հագուստի միջին և մանր ներմուծողները կարծում են, որ բավականաչափ
ռեսուրսներ չունեն հաշվապահ վարձելու համար` 2015 թվականի փետրվարի 1-ի դրությամբ
ապրանքի մնացորդի վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկանք ներկայացնելու նպատակով:
Նշենք,
որ փաստաթղթերի բացակայության դեպքում կկիրառվեն պատասխանատվության հետևյալ
տեսակները. սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, կրկնակի խախտման համար սահմանված է
20 հազար դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5% շրջանառության հարկ,
որը հաշվարկվում է տարեսկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնետսավարող սուբյեկտը
կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն
սուբյեկտը, որը փաստաթղթերի շրջանառություն չի ունենա, հարկ կվճարի ավելի բարձր`
5% տոկոսադրույքով, իսկ կրկնակի խախտման դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: