Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը:
Նալբանդյանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղում են իրականությունը`իրադարձությունները ներկայացնելով այնպես, ինչպես ցանկանում են տեսնել:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները Մերկելի անունից հայտարարել են, թե իբր Ռուսաստանն է մեղավոր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացման համար: Բացի այդ, Մերկելի անունից նրանք ՙհայտարարել են՚, թե իբր Գերմանիան հավակնում է Մինսկի եռյակին անդամակցության`Ֆրանսիայի փոխարեն:
Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում զետեցված տեսագրության, Ալիևի հետ ասուլիսին Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնխանդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը. ՙԳերմանիան ցանկանում է այդ հակամարտութնան լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցեինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի։ Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում՚: