Մենք բարոյական իրավունք չունենք մոռանալու Հայոց ցեղասպանության զոհերի մասին և թույլ տալու մոռացության մատնել անցյալի ցնցող փաստերը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը` Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում իր ելույթում:
Նիկոլիչը բացասական գնահատական է տվել պատմական ճշմարտության ժխտմանը կամ խեղաթյուրմանը, հավելելով, որ մուռացության մատնել ողբերգությունը` նշանակում է չհարգել դրա զոհերի հիշատակը: «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ իրերն իրենց անուններով կոչելու պատրաստակամությունը կախված է տարբեր շահերից: Մենք այսօր այստեղ ենք` իմանալով անհերքելի ճշմարտությունն ու մարդկության համար կատարվածի կործանարար հետևանքները: Նման բան չպետք է կրկնվի», - ընդգծել է նա:
«Արդի դարաշրջանում, երբ Ցեղասպանության հարցն օգտագործվում է ի շահ մանր քաղաքական շահերի, ստորաբար երկակի ստանդարտներ են կիրառվում, իսկ ցեղասպանությունների և ջարդերի զոհերը ներկայացվում են որպես հանցագործներ, ինչպես կարող ենք այստեղ չլինել մենք` սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, որը զանգվածային կորուստներ է կրել վերջին շրջանի բոլոր պատերազմներում», - հայտարարիել է Նիկոլիչը: