Չնայած Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի կողմից Հայոց ցեղասպանության դե-ֆակտո ճանաչմանը`այդ հարցի առնչությամբ հիշյալ երկրի քաղաքականությունը չի փոխվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Իսրայելի իշխանությունները միասնական դիրքորոշում չունեն, և իսրայելցի պաշտոնյաների մի մասի կարծիքով, պաշտոնական մակարդակով ճանաչել այն պետք չէ:
Հիշեցնենք, որ նախօրեին Haaretz թերթը գրել է, որ Ռիվլինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստին նվիրված հիշատակման միջոցառումների ժամանակ: ՙ1915 թվականին Հայոց ցեղասպանության օրերին Նիլիի (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) ներկայացուցիչ Ավշալոմ Ֆեյնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ սարսափից. ո՞վ է լինելու հաջորդը: Ես քայլում էի սրբազան հողում` դեպի Երուսաղեմ, և ինքս ինձ հարց է տալիս, թե արդյոք մենք այժմ ապրում ենք 1915 թվականին, թե Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Ես ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյոք կարող եմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալ միայնակ, եթե Երեմիան էլ իր արյունոտ արցունքը չթափի հայերի համարե: Ռիվլինը հավելել է, որ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ` ուրացման ու երկմտանքի 100 տարիներ: «Իմ ժամանակվա Իսրայելի հողում ոչ ոք չի ժխտել տեղի ունեցածը՚, - հայտարարել է Իսրայելի նախագահը:
Նշենք, սակայն, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, այդ երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը օրերս հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը: