Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը ծնում է ատելություն, հակաթուրքական և հակաիսլամական տրամադրություններ: Ինչպես հաղորդոմ է TRT Haber-ը, աս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:
Նրա խոսքով, այդ միտումերը վերջերս Եվրոպայում կտրուկ աճել են: «Դա Եվրոպայում ռասիզմի նոր արտահայտությունն է»,-նշել է Թուրքիայի վարչապետը: Նա նաև ընդգծել է, որ այլ ժողովուրդների պատմությունը գնահատելուց առաջ Եվրոպան պետք է իր սեփական անցյալին առերեսվի ու հարց տա, թե ո՞ւր կորան Աֆրիկայի ու Ասիայի որոշ ժողովուրդները եվրոպական գաղութատիրություններից հետո: Նրա խոսքով, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունելու փոխարեն Եվրոպական խորհրդարանը պետք է ջանքեր գործադրի լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:
Նա ընդգծել է, որ Թուրքիան բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նորմալացնել Հայաստանի հետ հարաբերոթյունները, բայց մի պայմանով, որ այդ երկիրը կազատի «ադրբեջանական օկուպացված տարածքները»: Եվրախորհրդարանն այդ մասին տեղյակ է:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Փաստաթղթում Եվրահանձնաժողովը և Եվրոպային Խորհուրդը Թուրքիային կոչ են անում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 1915 թվականին: Կառույցը Թուրքիային կոչ է արել գտնել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղիներ, ինչպես նաև կատարել հայերի և մյուս ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման հարցերի հետ կապված պարտավորությունները: Փաստաթուղթը հայերի և թուրքերին կոչ է անում իրականացնել հայ-թուրքական արձանագրությունները, սահմանները բացման և տնտեսական ինտեգրման հեռանկարներով: Եվրախորհրդարանի բանաձևը կուղարկվի Եվրոպայի Խորհուրդ, Եվրահանձնաժողով, Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարաններին և ԵՄ անդամ երիկրների կառավարություններին, Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններին: Նշենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունն ընդունել էր դեռ 1987 թվականին: