Անկարան երկրորդ անգամ է արձագանքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պուտինի հայտարարությանը:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով զանգվածային սպանությունները, աքսորները…, որոնք Ռուսաստանն անցյալ դարում իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում…, մենք գտնում ենք, որ նա պետք է բոլորից լավ իմանա, թե ինչ է ցեղասպանությոնը և ինչպիսին են դրա իրավական սահմանները: Մենք գիտենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականից սովորույթ է ձեռք բերել` 10 տարին մեկ անգամ հանդես գալ հայտարարություններով, միակողմանիորեն աջակցելով Հայաստանին, հետևաբար, ռուսական խորհրդարանն իր այդ ավանդույթը չխախտեց նաև այսօր, հանդես գալով հայտարարությամբ: Մենք արդեն դատապարտել ենք այն»,-հայտարարել է արտգործնախարարությունը: Գերատեսչությունը նաև նշել է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած միջոցառումներին պետք է դիտարկել որպես Հայաստանի պրոպանդիստական քարոզաշավի մաս:
Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծել է նաև. «Ռուսաստանը պետք է մեկ բան անի, հրաժարվի իր միակողմանի դիրքորոշումից և պոզիտիվորեն նպաստի Թուրքերի կողմից հայերին և Հայաստանին ուղղված բարեկամության և խաղաղության կոչերին»,-տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ապրիլի 24-ին, Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ի սրտե ցավակցում է հայ ժողովրդին, որն ապրեց աշխարհի ծանրագույն ողբերգություններից մեկը, երբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1.5 մլն.հայեր, մոտ 600 հազարն էլ բռնի տեղահանվեց: Իսկ դրամից մեկ օր առաջ, «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին իր ուղերձում ՌԴ նախագահը նշել էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ը ցավագին տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենադրամատիկ իրադարձության – հայ ժողովրդի ցեղասպանության հետ: