Այսօր ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանից պահանջել է բացատրել, թե ինչու Հայաստանում շաքարի և բանանի ներմուծման մենաշնորհ կա:
Նա հիշեցրել է, որ Չեխիա այցի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նորմալ երևույթ է համարել մոնոպոլիայի առկայությունը, քանի որ Հայաստանը փոքր երկիր է: ՙԻնչպե՞ս եք պատրաստվում պայքարել պետական հովանավորչության դեմ, եթե ներմուծումն իրականացվում է նախագահի ՙդաբրոն՚ ստանալուց հետո միայն՚,- նշել է նա: Պատգամավորը նաև նկատել է, որ տվյալ պահին հարևան Վրաստանում շաքարավազի միջին գինը 1 կգ դիմաց 280 դրամ է, իսկ Երևանում`365 դրամ, ինչը, նրա կարծիքով, նորմալ չէ: Նա բերել է նաև բանանի օրինակը, որի ներմուծմամբ, նրա խոսքով, զբաղվում է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը: ՙԱվստրիայում բանան արժե 500 դրամ, իսկ Երևանում`1300 դրամ: Ըստ լուրերի, ներմուծմամբ զբաղվում է Պողոսյանը, Դուք ուսումնասիրե՞լ եք այդ լուրերը՚,- հարցրել է Փաշինյանը:
Շաբոյան իր հերթին Փաշինյանին մեղադրել է պոպուլիզմի մեջ և նշել, որ պատգամավորի հայտարարություններն անհեթեթ են, քանի որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել այդ ոլորտում: Մասնավորապես, պաշտոնյան հայտարարել է, որ հանրապետական Սամվել Ալեքսանյանին պատկանող ՙԱլեքս Գրիգ՚ ընկերությունը Հայաստան ոչ թե շաքար, այլ հումք է ներմուծում, համապատասխանաբար`շաքար ներմուծելը ձեռնտու չէ, ինչը և մենաշնորհի պատճառ է հանդիսանում: Ըստ որում, Շաբոյանը հայտարարել է, որ ՙԵրևան սիթի՚ սուպերմարկետների ցանցում /նույնպես պատկանում է Ալեքսանյանին/ 1 կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում է 369 դրամ, այլ ոչ թե 395 դրամ, ինչպես հայտարարել է Փաշինյանը: Ինչ վերաբերում է բանանի ոլորտին, պաշտոնյան նշել է, որ բանանի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում ՙՔեթրին գրուպ՚ ընկերությունը, որը տուգանվել է մենաշնորհային դիրքի չարաշահման համար: Ի պատասխան`Փաշինյանը նշել է, որ եթե Շաբոյանը հետևեր ՏՄՊՊՀ աշխատանքին, կիմանար, թե որն է անհեթեթն ու անիմաստը: