ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը խոստացել է, որ շուտով, այնուամենայնիվ, կվերանայվի սպառողների համար գազի սակագինը:
ՙՍպառողների համար գազի սակագների փոփոխության հարցը կքննարկվի մոտ ժամանակներս՚,- ապրիլի 23-ին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահը: ՙԿարծում եմ՝ օրերս կկարողանանք որոշակի ինչ-որ բան հայտարարել այդ հարցի առնչությամբ՚,- խոստացել է ՀԾԿՀ ղեկավարը:
Նշենք, որ«Էներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում: Հանձնաժողովը կարող է իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն սեփական նախաձեռնությամբ վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին, ելնելով լիցնզավորված անձի տնտեսական գործունեությունից, մասնավորապես, ելնելով նրա կողմից ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայության որակի նկատմամբ պահանջների կատարումից:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն մատակարարվող գազի գինն իջեցնել մինչև 150 դոլար 1000 խմ դիմաց: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարված այցի ընթացքում: Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկու երկրների կառավարություններն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը: Բայց նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք գազի գինը կիջնի հայ սպառողի համար: «Այդ հարցը ենթակա է լրացուցիչ քննարկման՚,-հայտարարել է վարչապետը: Նշենք, որ ներկայումս ռուսական գազի գինը սահմանին կազմում է 1000 խմ դիմաց 165 դոլար: Սակայն, սպառողը օգտագործած 1000 խմ գազի դիմաց վճարում է 318 դոլար, իսկ ամսական 10 հազար խմ և ավելի սպառողները` 277 դոլար: