Սահմանադրական բարեփոխումների գործընթացն արդեն կեղծիքներով է ընթանում, քանի որ ընտրացուցակներում ներառված են քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ բացակայում են երկրից: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա գտնում է, որ հայ հասարակությանը սահմանադրական բարեփոխումները չեն հետաքրքրում, քանի որ իրենից ոչինչ կախված չէ: ՙԻրավիճակը կփոխվի, եթե դեկտեմբերի 1-ից հասարակությունը համախմբվի և իրավիճակն իր հսկողության տակ առնի՚,- նշել է նա:
Մարտիրոսյանն անհեթեթ է համարում նաև հանրապետականների հայտարարուրթյունները, որ սահմանասրական բարեփոխումները կհանգեցնեն իշխանության ապակենտրոնացմանը: ՙԱյդ բարեփոխումները կօրինականացնեն գոյություն ունեցող ամենաթողությունը: Կառավարման խորհրդարանական կարգի մասին խոսք անգամ չի կարող լինել, դա ավելի շուտ միակուսակցական համակարգ է՚,- նշել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով, բարեփոխումների առաջարկված նախագիծն ընդդիմության պահանջները չի արտացոլում: ՙԴրանք այն բարեփոխումները չեն, որոնց համար այդքան տարիներ պայքարել է ընդդիմությունը: Այդ նախագիծն ուղղված է միակուսակցական համակարգի, կոռուպցիայի, մոնոպոլիայի օրինականացմանը՚,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՙՆոր Հայաստան՚ ընդդիմադիր ճակատի հանրահավաքը, որով, շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, սկսվելու է իշխանափոխության գործընթացը: