Հունիսի 2-ի քննարկումների արդյունքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարժանանա Գերմանիայի Բունդեսթագի հավանությանը, Երևանում այդպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն՚ կուսակցության անդամ Ալբերտ Վայլերը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, բանաձևի ընդունման օգտին հանդես եկող կոալիցիան հունիսի 2-ին ձայների մեծամասնություն կունենա, քանի որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում: ՙԱյդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Բունդեսթագի խմբակցությունների միջև, և արդեն կարող եմ հայտարարել, որ ՙցեղասպանություն՚ բառը տեղ կգտնի բանաձևում՚,- հայտարարել է Վայլերը:
Նա ընդգծել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի միասնական բանաձև, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի պատմական պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ: Գերմանիայի խորհրդարանի ներկայացուցիչը բանաձևի կարևոր կետ է համարել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցությունը:
Ալբերտ Վայլերը նշել է թուրքական կողմի բացասական արձագանքը, սակայն հայտարարել է, որ բոլորի համար տվյալ փուլում կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման փաստը:
Հիշեցնենք, որ 2015 թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո որոշվել էր քվեարկությունը հետաձգել է մինչև ապրիլի 30-ը: Այնուհետև քննարկման օրը ևս մի քանի անգամ հետաձգվեց: Քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել է նաև կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, մասնավորապես, հայտարարել էր. ՙԳերմանիան մեղքի իր բաժինն ունի Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կատարվածի համար: Հաշտություն չի կարող լինել, քանի դեռ չի վերականգնվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար արդարությունը: Օրհան Փամուկը և Հրանտ Դինքն արժանի են մեր աջակցությանը՚: