«WWF-Արմենիան» «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ Իջևանի արգելավայրի կառավարումը բարելավելու ծրագիր է իրագործում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «WWF-Արմենիայի» ղեկավար Կարեն Մանվելյանը, մասնավորապես, կիրականացվի սահմանների օպտիմալացում, և կմշակվի կառավարման ծրագիր: «Մենք նախատեսում ենք միացնել Իջևանի և Գանձաքարի արգելավայրերը, իրականացնել սահմանների օպտիմալացում, ուսումնասիրել, թե որ տարածքներն են կարևոր կենսաբազմազանության տեսանկյունից: Հետագայում կխստացվի պահպանության ռեժիմը, ինչպես նաև կիրականացվեն էկոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր», - հաղորդել է նա:
Իջևանի արգելավայրը «Հայանտառ» ՊՈԱԿ իրավասության տակ գտնվող 14 արգելավայրերից մելն է, որի կառավարման բարելավման աշխատանքներն իրականացվում են «Ֆլեգ 2» ծրագրի շրջանակում` շուրջ 100 հազար եվրո բյուջեով: Ֆինանսավորում է ԵՄ, կատարողներն են Համաշխարհային բանկը, WWF և Բնապահպանության միջազգային միությունը:
Իջևանի արգելավայրը կազմավորվել է 1971-ին 7800 հա տարածքում։ Գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին՝ ծովի մակարդակից 900-2100 մ բարձրություններում։ Ստեղծվել է անտառային լանդշաֆտների և կենդանիների (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։ Տավուշի մարզում է գտնվում նաև Գանձաքարի արգելավայրը, որն ստեղծվել է 1971 թվականին 6800 հա տարածքում։ Գտնվում է Աղստև գետի Պայտաջուր վտակի ավազանում։ Ստեղծվել է անտառային կենդանիների պահպանության նպատակով։