Եթե Երևանը հանդես է գալիս ստատուս-քվոյի պահպանման դեմ, ինչպես նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա պետք է իր զորքերը հանի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը մամուլի ասուլիսում:
Հաջիևը հայտարարել է, որ համակողմանի կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար ջանքեր պետք է ուղղվեն ոչ թե օժանդակ և տեխնիկական հարցերին, այլ հակամարտության և հրադադարի ռեժիմի խախտման արմատական պատճառների վերացմանը: «Հայկական զորքերի դուրս բերման գործընթացում հնարավոր է միջադեպերի հետաքննության տեխնիկական մեխանիզմի ստեղծում` որպես օժանդամ միջոց: Դժբախտաբար, այնպիսի հարցերին առաջնություն տալը, ինչպես առանձին միջադեպերի հետաքննությունը և բռնակցման ու բռնազավթման փաստի անտեսումը, ծառայում է ստատուս-քվոյի պահպանմանը և, վերջնական արդյունքում` Հայաստանի շահերին: Հայկական զորքերի դուրս բերումը պետք է անցկացվի ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համար ավանդական ազատ ժամանակի ռեժիմով, այլ որոշակի ժամանակահատվածում: Ստատւս-քվոյի փոփոխմամբ և միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանների անխախտելիության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սկզբունքների հիման վրա հակամարտության քաղաքական կարգավորմամբ ամենաշահագրգիռ կողմն Ադրբեջանն է: Ադրբեջանը կօգտագործի բոլոր հնարավորությունները միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանների անխախտելիությունն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումն ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի պահպանման հարցում մեղավոր է Ադրբեջանը: Նա նշել էր, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը և անտեսում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը: