Հայաստանի պաշտպանունթյան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Սիրիայից ռուսական զորակազմի դուրսբերման հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին ազդակները, Ռուսաստանի քաղաքականությունը կարգավորման առնչությամբ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, 102-րդ ռուսական ռազմակայանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում՝ ռուս-թուրքական դիմակայության պայմաններում:
Սիրիայից զորքերը դուրս բերելու Ռուսաստանի նախագահի որոշումն անակնկալ էր շատերի համար: Ձեր կարծիքով, արդյո՞ք դա համաձայնեցված էր հակաահաբեկչական կոալիցիայի գծով դաշնակիցների, մասնավորապես՝ ԱՄՆ հետ:
Սիրիայից զորքերի դուրսբերման որոշումը կարող է համաձայնեցված լինել կոալիցիայի գծով դաշնակիցներից ինչ-որ մեկի հետ, իսկ ինչ-որ մեկն ուղղակի տեղյալ է պահվել: Օրինակ՝ ԱՄՆ նախագահի հետ Վլադիմիր Պուտինի խոսակցությունը տեղի է ունեցել որոշումն ընդունելուց հետո: Դա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ այդ նախաձեռնությունը բխել է Մոսկվայից, ինչն անձամբ ինձ մոտ կասկած չի հարուցում: Այդպիսով, Ռուսաստանն այսօր բավականաչափ խնդիրներ է լուծում, որոնք Մոսկվան իր առջև դրել էր Սիրիայում ՌՏՈւ գործողություն սկսելու վերաբերյալ որոշում կայացնելիս: Այդ ժամանակից ի վեր սիրիական հակամարտության թատերաբեմում արմատական բեկում է տեղի ունեցել: ՌԴ ՌՏՈւ աջակցությամբ սիրիական բանակն այսօր ահաբեկիչներից ազատագրել է 10000 քառ. կմ տարածքում գտնվող 400 բնակավայր՝ էլ չխոսելով ահաբեկիչների նավթի արդյունահանման, վերամշակման և տեղափոխման հիմնական աղբյուրների ոչնչացման մասին: Այսինքն՝ ռուս զինվորականները հզոր հարված են հասցրել ֆինանսական ենթակառուցվածքին, ինչը թույլ էր տալիս ԻՊ-ին մարտական գործողություններ իրականացնել: Ավելին, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շուրջ 45 զինված խմբավորում աջակցել է դրան, և այն այսօր, քիչ թե շատ, պահպանվում է: Եթե նախկինում Բաշար Ասադի իշխանությունը մազից էր կախված և հակամարտության կողմ չէր ճանաչվում, այսօր այն խաղաղարար բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է: Նրա հակառակորդները նույնպես մասնակցում են այդ գործընթացին: Այդպիսով, Ռուսաստանը համապատասխան պայմաններ է ստեղծել Սիրիայում Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացման համար:
Այո, բայց առնվազն մեկ նպատակ չի իրականացվել. Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանն այդպես էլ փակված չէ…
Եվ ոչ միայն այդ նպատակը: Վերջնականապես ոչնչացված չէ նաև ՙԻսլամական պետությունը՚: Բայց դրանք մարտավարական նպատակներ են, մինչդեռ գլխավոր նպատակը՝ թույլ չտալ ԻՊ դեմ պայքարող սիրիական լեգիտիմ իշխանության տապալումը, այնուամենայնիվ, իրականացվել է: Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից` Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտել է, որ տվյալ փուլում ռուսական խմբավորման գործառույթներն ավարտված են, և այսուհետև պետք է գորիծի սիրիկական բանակը: ՌԴ ռազմատիեզերական ուժերը հեռանում են Սիրիայից` իրենց հիմնական առաջադրանքը կատարած: Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք ՌԴ ՌՏՈՒ իրականացրել են ԻԼԻՊ-ի դեմ, կշարունակվեն: Դրանք կիրագործի զգալիորեն ուժեղացած սիրիական բանակը, որն այսօր արդեն ի զորու է վարել հարձակվողական մարտական գործողություններ: Հենց նույն Սիրիայի ՌՕՈՒ ռուսների աջակցությամբ բավականին հզորացել են: Դա չափազանց կարևոր է, հատկապես` շփման գծի զգալի կրճատման և սիրիական բանակի հարձակվողական ներուժի մեծացման պայմաններում` հաշտության գործընթացին մի շարք զինված խմբավորումների մասնակցության հաշվին:
Կարելի՞ է արդյոք սպասել, որ ռուսաստանցի զինվորականների հեռանալուց հետո Սիրիան կլքեն նաև նրանց ամերիկացի գործընկերները:
Ես այդպես չեմ կարծում, քանի որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և տարածաշրջանային տերությունների կողմից Սիրիայում լուծվող աշխարհաքաղաքական խնդիրները միանգամայն տարբեր են: Եվ, չնայած այն հանգամանքին, որ Բաշար Ասադին հեռացնելու Արևմուտքի խնդիրը լուծված չէ, կախված իրավիճակից կփոխվեն միայն եղանակները, իսկ նպատակը մնում է: Եվ այստեղ հարցը, նույնիսկ, ոչ թե անձն է, այլ` արտաքին քաղաքական գիծը, որը վարում է նրա կառավարությունը:Ասադին, իմ կարծիքով, ռուսներն առաջիններից մեկն են տեղեկացրել զորքերի դուրս բերման մասին: Չէ որ Ռուսաստանն ընդմիտ չի հեռանում Սիրիայից: Այսօր Մոսկվայում կայացվել է ոչ թե ողջ խմբավորման, այլ ընդամենը թռիչքային բաղադրիչի դուրս բերման որոշում: Տարտուսի և Հմեյմիմի ռազմակայանները ողջ հզորությամբ և ենթակառուցվածքով մնում են:
Եվ հասկանալու համար այն որոշումը, որը Մոսկվա կարող է կայացնել հետագայում, պետք է հիշել, որ Ռուսաստանը կարողացավ աննկատ վիթխարի ծավալի նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայում: Եվ ողջ այդ ենթակառուցվածքը մնացել և գործում է: Միևնույն ժամանակ, ավիացիոն խմբավորման ողջ կազմի վերադարձի համար կպահանջվի 6 ժամից ոչ ավելի: Այսինքն, այդ հաղթաքարտը պահպանվում է, և եթե իրավիճակը զարգանա ՌԴ համար չնախատեսված սցենարով, իսկ դրանք մի քանիսն են, Մոսկվան մի քանի ժամում ամեն ինչ կվերադարձնի ելակետին:
Վերջին շաբաթը նշանավորվեց Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպմամբ, ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի Բաքու այցով, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ: Որոշ փորձագետների կարծիքով, այս ողջ շղթան վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի նոր դերակատարության մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակը Դուք:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշման որևէ փոփոխություն չեմ կանխատեսում: Ըստ որում, ամենևին չեմ կիսում կարծիքը, ըստ որի՝ այդ դիրքորոշումը կայանում է ստատուս-քվոյի պահպանման մեջ: Իրականում ստատուս-քվոն պահպանում է Ադրբեջանը, այլ ոչ թե՝ Ռուսաստանը և նույնիսկ Հայաստանն Արցախի հետ միասին: Երևանի և Ստեփանակերտի զիջումների պատրաստակամությանը և Միսկի խմբի համանախագահների առաջարկներին հենց Բաքուն է պատասխանում առկա դիրքորոշումների խստացմամբ: Հակամարտությունը երկու լուծում ունի՝ բանակցությունների կամ ռազմական ճանապարհով: Երկու փոփոխություններն էլ ոչ թե Ռուսաստանի կամ համանախագահների, այլ՝ Ադրբեջանի ղեկավարության հարթությունում են գտնվում:
1994 թվականից ի վեր Բաքուն շարունակում է Մոսկվային կոչ անել ճնշում գործադրել Երևանի և Ստեփանակերտի վրա՝ Արցախի նկատմամբ իր պահանջների իրագործման նպատակով: Արդյո՞ք հավանական եք համարում իրադարաձությունների զարգացման նման տարբերակը՝ հաշվի առնելով վերջին ժամանակներս Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակության մեծացումն՝ առաջին հերթին Ռուսաստանի համար:
Ադրբեջանը միշտ աշխարհաքաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն է ունեցել, և այսօր իրավիճակը չի փոխվել: Սակայն, համոզված եմ, որ նորագույն պատմության մեջ ՌԴ-ն երբեք չի փորձել զիջումների գնալ Ադրբեջանին՝ Հայաստանի շահերի հաշվին՝ հանդես գալով բացառապես Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, Հյուսիսային և Հարավային Օսիայում և, վերջապես, Սիրիայում հրադադարի հաստատման նախաձեռնողի դերում:
Այդ պատճառով Հայաստանի կամ Արցախի հաշվին Ադրբեջանին զիջումների տարբերակը բացառում եմ, քանի որ զիջումներ կարող է այնել միայն հակամարտության հայկական կողմը: Վերջիվերջո, դա հակասում է ռուսական շահերին, ինչի մասին է վկայում տարրական տրամաբանությունը: Ղարաբաղյան հակամարտությունն առկա է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև: Իսկ Բաքուն վերջերս աջակցեց Սիրիայում ռուսական ռմբարկուին ոչնչացնելու Անկարայի որոշմանը:
Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը զինում իր հակառակորդի դաշնակցին՝ վերահսկողության տակ պահելու նպատակո՞վ:
Դա պարզ և ակնհայտ է: Զենք գնելու համար Հայաստանին 200 մլն վարկն ուղղված էր հակամարտության կողմերի միջև հավասարակշռության պահպանմանը: Այլ տարբերակ ուղղակի չկա՝ իհարկե, կցանկանայինք, որ Ադրբեջանին ընդհանրապես ոչ ոք զենք չվաճառեր: Հակամարտող երկրներին զենք վաճառում են բոլոր արտադրող երկրները, և ոչ միայն Ռուսաստանը:
Արդյո՞ ք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը թեկուզ մասամբ կարող է հավասարակշռել Ռուսաստանի հետ հանրապետության գործընկերությունը:
Չնայած Հայաստանի ռազմական ղեկավարության բոլոր այցերին Բրյուսել, վերջինիս բոլոր հանդիպումներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ այն չի կարող լուծել այդ խնդիրը: Դրանք միանգամայն տարբեր հարթություններ են՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս Հայաստանին և այդ ուղղությամբ որևէ պարտավորություն չի ստանձնում՝ թե ռազմատեխնիկական, թե զուտ ռազմական առումով: Ռազմաքաղաքական ազդեցիկ կազմակերպության հետ Հայաաստանի համագործակցությունն ուղղված է ամենատարբեր ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը, սակայն Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման Երևանի գլխավոր խնդիրն այն չի լուծում: Նույն Ուկրաինային, Եվրահանձնաժողովի ղեկավար Յունկերի խոսքով, առաջիկա 25 տարում ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում ոչ ոք չի սպասում: Կամ Վաստանը, որն այդպես էլ որևէ հաջողության չի հասել՝ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցման համար ցանկացած քայլի պատրաստակամությանը: Եվ այդ իրողություններում ՆԱՏՕ-ի և ԵՄ մասին երազել կարող են միայն ռոմանտիկները: Այդ պատճառով հարցը ոչ թե Երևանի ցանկության, այլ՝ դեպի արևելք ընդլայնվելու Բրյուսելի ցանկության բացակայության մեջ է:
Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է արդյո՞ք ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ ռուս-թուրքական դիմակայության՝ ռազմական փուլ թևակոխման դեպքում:
102-րդ ռազմակայանը կանխում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի ագրեսիան՝ կայունություն ապահովելով Հայաստանի համար: Ռուսաստանի համար ռազմակայանն ապահովում է տարածաշրջանում ներկայության, աշխարհաքաղաքական շահերի պահպանում: Իրականում 102-րդ ռազմակայանը գործում է Ռուսաստանի և Հայաստանի ԶՈւ կիրառման համատեղ պլանով՝ հանդիսանալով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի բաղկացուցիչ մասը:
Հետևաբար՝ պատերազմի դեպքում կկռվի ոչ թե ռազմակայանը, այլ՝ Ռուսաստանի ամբողջ ԶՈւ-ն: Ինչ-որ մեկ կարո՞ղ է այսօր ասել, թե ինչպես կվարվեր Թուրքիան Հայաստանի նկատմամբ, եթե չլիներ 102-րդ ռազմակայանը: Հայաստանում Ռուսաստանի ռազմական բացակայության պայմաններում Թուրքիան Հայաստանի հետ կխոսեր նույն լեզվով, ինչպես՝ Սիրիայի հետ, որն, ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, դիվանագիտական հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, մինչև ռուսական զորքերի մուտքը: Ըստ որում, Հայաստանն այսօր էլ շարունակում է լուրջ վտանգ հանդիսանալ Թուրքիայի համար, ինչպես Թուրքիան Հայաստանի համար, քանի որ որոշակի պայմաններում Անկարան Բաքվին կդրդի Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի վերսկսման: Վերջերս համապատասխան տեղեկատվություն էր հրապարակվել լրատվամիջոցներում՝ վկայակոչելով ռուսական հետախուզական հանրությունը: Մասնավորապես, նշվել էր, որ Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների վերսկսումը, Թուրքիայի ղեկավարության կարծիքով, կօգներ ռուս զինվորականների ուշադրությունը շեղել Սիրիայից: