Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի ՙԼույս հայի աչքերին՚ համատեղ ծրագրի շրջանակներում՝ հունիսի 2-ից Աչքի շարժական հիվանդանոցը սկսել է իր աշխատանքները Լոռու մարզում։ Սա Աչքի շարժական հիվանդանոցի 2-րդ այցն է Լոռու մարզ, որի նպատակն է մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Տեղական մասնագետների կողմից մայիսին Լոռու մարզում արդեն անցկացվել են ակնային զննումներ, որի արդյունքում խորացված հետազոտության և հետագա բուժման կարիք ունեցող բնակիչներն ուղղորդվել են Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ)։
Աչքի շարժական հիվանդանոցը հունիսի 22-ից 26-ը կայանել է Ստեփանավան քաղաքում, որտեղ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել են Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները:
««Լույս հայի աչքերինե նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ մեր ամենատպավորիչ ծրագրերից է, քանի որ հնարավորություն է տալիս վերադարձնել մարդկանց տեսողությունը՝ շոշափելի կերպով բարելավելով նրանց կյանքը: Ծրագրից օգտվողների քանակը զգալի է, սակայն ցավոք, տեսողական խնդիրներ ունեցողների քանակը դեռևս մեծ է, և ծրագիրը շարունակելու կարիք կա՚, - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ներկայումս Աչքի շարժական հիվանդանոցը Սպիտակ քաղաքում է, որտեղ կմնա մինչև հուլիսի 20-ը՝ այնուհետև ուղևորվելով Շիրակի մարզ: Այն արդեն եղել է Ալավերդի և Վանաձոր քաղաքներում՝ այնտեղ իրականացնելով աչքի վիրահատություններ և լազերային բուժում
ՙOrange Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Աչքի շարժական հիվանդանոցը նախորդ անգամ Լոռու մարզ այցելել էր 2013թ.-ին։ Ուրախ եմ, որ այս համագործակցության արդյունքում հեռավոր մարզերի բնակիչներին հասանելի է դառնում ակնային ծառայություններ։ Լոռու մարզում, մարզային ակնաբույժների կողմից իրականացվել է 8000 մեծահասակների և երեխաների ակնային զննում։ Առ այսօր, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, իրականացվել է 194 վիրահատություն և 51 լազերային միջամտություն: Մինչև Լոռու մարզը, Աչքի շարժական հիվանդանոցն այցելել էր Կոտայքի մարզ, որի արդյունքում ավելի քան 3000 մեծահասակ և 7000 երեխա ակնային զննումներ են անցել և իրականացվել է 500 վիրահատություն ու լազերային բուժում՚ - նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է ՙԼույս հայի աչքերին՚ ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում են անցել ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: