Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին մոտ գտնվող
Արարատի մարզի Նոյակերտ գյուղը հայտնի է իր փախստականներով, որոնք կազմում են գյուղի
բնակչության 80 %-ը: Գյուղը նաև աչքի է ընկնում հսկայական ջրափոսերով լի
փողոցներով, որոնց մոտով, ազդանշաններ տալով խաղացող երեխաներին, մանևրում է
«ուրախ ավտոբուսը»...
Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի Վերխնյայա Ազա գյուղի
բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Ռուբենի Վարդանյանն ունի 8 թոռ և 8 ծոռ: Դեռ մեկն էլ
«ճանապարհին է» ասում է նա, ժպտալով: 1988 թվականին նրա ընտանիքը հաստատվեց Նոյակերտում,
սակայն, չնայած այստեղ գցած ամուր արմատներին, նա շարունակում է երազել հայրենիք
վերադառնալու մասին:
Անցյալը...
«Վերխնյայա Ազայում միշտ էլ հայեր են ապրել, իսկ Նիժնյայա
Ազայում՝ ադրբեջանցիներ: 60-ական թվականներին հայերը հեռանում էին Երևան, իսկ ադրբեջանցիները
գնում էին նրանց տները: Այդ ժամանակներից ադրբեջանցիների հետ սկսեցինք խառն ապրել,
բայց համերաշխ: Հարաբերություները փչացան միայն Շարժումն սկսվելուց հետո»,-ասում է
տարեց կինը:
Հայերն ու ադրբեջանցիները հաճախում էին միմյանց
հարսանիքներին, հյուր գնում, երեկոները լոտո էին խաղում, ապրում էին ինչպես մի
ընտանիք: Ամեն ինչ փոխվեց մեկ օրում, երբ ադրբեջանցի հարևան Թավադը հաղորդեց, որ
երեկոյան հարևան գյուղի բնակիչները պետք է գան հայերին սպանելու: «Մենք նրա տանն
ապրեցինք երեք օր: Թավադի հայրը մեզ նույնիսկ հրացան էր առաջարկում՝
ադրբեջանցիներից պաշտպանվելու համար, բայց մենք հրաժարվեցինք: Մեղրի հասանք մեծ
դժվարություններով, ճաանապարհին մեքենայի վրա քարեր էին նետում: Լավ է, որ ամեն
ինչ ավարտվեց առանց զոհերի»,-պատմում է Սվետլանա Ռուբենովնան:
Նրա որդու, 49-ամյա Կարեն Բաբայանի խոսքերով, ադրբեջանական
ղեկավարությունը հայերի համար արհեստականորեն անտանելի պայմաններ էր ստեղծում,
հարկադրելով նրանց լքել հայրենիքը:
«Իմ հորը հարկադրաբար սովորելու էին ուղարկում Բաքու,
իմանալով, որ երիտասարդությունը Բաքվից Օրդուբադ չի վերադառնում: Բայց, տվյալ
դեպքում նրանք սխալվեցին, հայրս ուսումն ավարտելուց հետո վերադարձավ հայրենիք»,-ժպտում
է Կարենը: Նույնիսկ հասարակ բանվոր ընդունելու համար նրանից կաշառք պահանջեցին,
մինչդեռ ադրբեջանցիները նման պոբլեմներ չունեին: Նման քաղաքականություն
իրականացվել է միշտ, բայց այն ավելի բացահայտ դարձավ 1987 թվականից հետո...
Հիշողություններ...
Կարեն Բաբայանն իր ընտանիքը պաշտպանած ադրբեջանցուն մինչև
հիմա էլ համարում է ընկեր: Բայց պարտական չի զգում, քանի որ Բաբայանները նույնպես,
վտանգելով իրենց, հարևան ադրբեջանցիներին թաքցրեցին իրենց տանը, երբ Նոյակերտ էին
եկել ագրեսիվ տրամադրված հայերը: «Մենք ինքներս էլ անցել ենք այդ ամենի միջով,
ինչպե՞ս կարող էինք նրանց թողնել դբախտության մեջ: Այդ մարդիկ ադրբեջանից եկած փախստականներ
էին, բայց նրանց բախտը մեզ համեմատ այնքան էլ չէր բերել, քանի որ նրանցից շատերի
մարմինների վրա խարանով դաջել էին խաչեր»,-տարուբերում է գլուխը տղամարդը:
«Մենք միշտ էլ վստահել ենք ադրբեջանցիներին: Հեռանալուց
առաջ ես հարևանների մոտ թողեցի ոսկի, արժեքավոր իրեր, որ եթե հանկարծ ճանապարհին
մեզ սպանեն, նրանք դա փոխանցեն մեր երեխաներին: Հետագայում նրանք ամեն ինչ
վերադարձրին: Մենք հասկանում էինք, որ այլևս երբեք չենք վերադառնալու հայրենիք:
Բայց չէ՞ որ շատ մեծ դժվարությամբ էինք կառուցել մեր լավ տունը, որտեղ ուզում էինք
փառավոր ապրել»,-ասում է Սվետլանա Ռուբենովնան:
Հայրենիքի լավագույն հիշողությունների մասին
պատմելուխնդրանքով նա հիշում է գյուղական կիսաքանդ եկեղեցին: «Մեր մարզում
հայկական եկեղեցիներ շատ կային: Միայն Ագուլիսում, մեզնից 10 կմ հեռավորության
վրա, կար 18 եկեղեցի: Ասում են, բոլորը քանդել են»...
Նոր կյանքը
Նոյակերտում առաջին տարիներն ընտանիքի համար դժվար էին:
«Ամուսինս աշխատում էր դաշտում, ես նստում էին տանը, որը մենք գնել էինք քրդերից:
Խեղճ տղաս երկար տարիների քրտինք թափեց, որպեսզի այն դարձնի նորմալ կացարան, բայց
այդպես էլ չհարմարվեցինք»,-ժպտում է կինը:
Կարենի հայրը՝ Բաբկեն Բաբայանը վախճանվեց 1996 թվականին:
Որդու համոզմամբ՝ կորցրած հայրենիքի կարոտից: Պատմությունը կրկնվեց, Կարենի պապին
ու նրա եղբորն սպանել էին թուրքերը, խլելով նրանց գույքը և երկհարկանի տունը: Հոր
մահվան օրն ամենածան օրն էր Կարենի կյանքում: «Մայրս դարձավ հաշմանդամ, երբ ես դեռ
6 տարեկան էի: Դրա համար էլ 96-ին ես մի օրում «մեծացա»: Չեմ բողոքում, մի քանի
մասնագիտություն ձեռք բերեցի: Աշխատում էի որպես վարորդ, կոշիկ էի կարում, զբաղվում
գյուղատնտեսությամբ, իսկ այժմ պահակություն եմ անում գյուղի դպրոցում: Գլխավորը –
ապրում եմ իմ երկրում»,-պատմում է տղամարդը:
Չիրականացաած
երազանքներ
«Երեխաներս հաճախ են առաջարկում լքել Հայաստանը: Ամենից
շատը, ինչ ես ուզում եմ անել, դա Նախիջևան վերադառնալն է: Այս 27 տարիներին ես
միշտ էլ ձգտել եմ դեպի հայրենիք: 1991 թվականին, երբ մեր բանակը մտավ Սադարակ, ես
տուն վերադառնալուց մի քանի քայլի վրա էի: Իսկ այժմ կարոտս հագեցնում եմ գրքերի
միջոցով, որոնցում հիշվում են հայրեի վայրերը: Այդ պահին նրա առջև կենդանանում է
յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր թուփը, յուրաքանչյուր ծառը: Նրանցից
յուրաքանչյուրն իր անունն ուներ»...
Կարենը հիշում է նաև իր ընկեր ադրբեջանցիներին, Վերխնյայա
Ազայից, Նորակերտից: Ժպտալով է հիշում քրոջ առաջին երեխայի ծնունդը, երբ նորաթուխ
քեռին, իր ընկեր հայերով ու ադրբեջանցիներով դաշտում ուրախությունից դատարկեցին մի շիշ թթի օղի, որպես ուտելիք ունենալով միայն
կանաչի:
«Մենք դեռ 12-13 տարեկան էինք, բոլորս արագ հարբեցինք, իսկ
հետ գալու ճանապարհին ընկանք գետակը, որից հետո մի փոքր օյաղացանք: Բայց տնեցիներին
այդպես էլ չկարողացանք բացատրել, թե ինչու ենք հարբել»,-արդեն ծիծաղում է
տղամարդը:
Գուսանների և Արամ
Խաչատրյանի հայրենիքը
Կարենը հպարտությամբ է պատմում, որ իր նախնիների հայրենիք
Գողթին, հայտնի էր հայ գուսաններով: «Գուսան էր նաև իմ մեծ պապը: Հայրս պատմում
էր, որ մեր տան մոտ գտնվող քարվանսարայում տեղի ունեցող մրցումներում նա միշտ
հաղթում էր պարսիկ աշուղներին: Մեծ պապիս աղբյուրի մոտ սպանել են թուրքերը:Այնպես
որ, պատմությունը նորից կրկնվում է»,-հոգոց է հանում նա:
Կարենի համար հպարտության թեմա է նաև նրա ազգակցական կապը կոմպոզիտոր
Արամ խաչատրյանի հետ, ով նրա հարազատ տատի եղբորորդին էր: «Տատս պատմել է
Խաչատրյանների երևանյան տուն կատարած այցելությունների մասին: Հայրս ինձ ցույց է
տվել նրանց տունը Նիժնյայա Ազայում, որտեղ արդեն ադրբեջանցիներ էին ապրում: Բայց
մեկ է, իսկույն երևում էր, որ այդ տունը հայկական է, ադրբեջանցիներն այնտեղ ոչինչ
չէին փոխել: Այն ժամանակ ես չէի պատկերացում, թե ինչպիսի մեծություն է
համաշխարհային անուն ունեցող այդ կոմպոզիտորը, բայց այսօր հպարտ եմ, որ նրա,
թեկուզ հեռավոր, բայց ազգականն եմ»,-ասում է Բաբայանը:
Ապագան
Այսօր գրեթե ոչ ոք չի լքում Նոյակերտը, ով այդպիսի
հնարավորություն ուներ, փաստականների մոտ կեսը, արդեն վաղուց հեռացել է:
Այնուամենայնիվ, գյուղում ապրում են ոչ միայն Նախիջևանից, այլ նաև Բաքվից,
Խանլարից, Միր-Բախիրից, մի խոսքով, Ադրբեջանի, փաստորեն, բոլոր շրջաններից եկած
փասխտականներ:
Կարեն Բաբայանն արդեն ունի թոռներ, բայց նրանց համար
Հայաստանում նա ապագա չի տեսնում: «Ինչո՞ւ եմ այսօր ապրում առանց իմ որդիների:
Ինչո՞ւ են նրանք ստիպված ապրել Երևանում, միայն նրա համար, որ այնտես կա աշխատա՞նք»,-ռիտորիկ
հարց է տալիս նա: Ինքը, Կարենը հող է մշակում, խաղող աճեցնում, պահակություն է
անում դպրոցում, ինչով էլ գոյատևում է նրա ընտանիքը:
«Ես չեմ բողոքում, այս անցած տարիներին մենք սոված չենք
եղել, չենք սառել, միշտ աշխատել ենք, ստեղծել: Բայց չէ՞ որ ամեն ինչ չէ, որ մեզնից
է կախված:Ես գյուղացի եմ, աճեցնում եմ միրգ ու բանջարեղեն, բայց այն վաճառել չեմ
կարող, ինչպես դա անում էին նախկինում: Երևանում պակասել է այն մարդկանց թիվը,
որոնք ի վիճակի են գնել իմ աշխատանքի արդյունքները: Իսկ այդ ամենն ինձ վրա էլ է
ազդում»,-ասում է գյուղացին:
Լավատես-փախստականը
Կարենի կինը՝ Աստղիկ Պետրոսյանն իրեն փախստական չի
համարում, չնայած, որ նրա նախնիները
ծնունդով Սասունից են, որը վաղուց դարձել է Թուրքիայի մասը: Ժպիտով նայելով
ամուսնուն, նա ասում է, որ նրան գյուղում բոլոր են սիրում ու հարգում: Հատկապես
գյուղական ուսուցչներն ու երեխաները: «Նա միշտ կենսուրախ է, աջ ու ձախ կատակներ է
անում: Կա մի մարդ, որը, երբ ավանակին նստած անցնում է մեր տան մոտով, կանգ առնում
և ճանապարհը շարունակում է միայն Կարենի հետ զրույցն ավարտելուց հետո: Չգիտեմ ավանակի
համար ոնց, բայց նրա համար այդ օրը միշտ լինում է հաջողված: Մեզ շատ բան պետք չէ:
Թող լինի աշխատանք, որպեսզի երեխաները կարողանան պահել իրենց ընտանիքները»-ժպտում
է աշխատավորի ձեռքերով այդ կինը:
«Գյուղացիները սովորել են բողոքել ծանր կյանքից, հատկապես
լրագրողներին: Դա ավելորդ է: Կարելի է, և պետք է, լինել մեծ լավատես: Լավ եմ
հիշում, թե ոնց էի Բաբկենին ու Նարեկին ստիպում սովորել հայրենասիրական երգեր: Անցան
տարիներ, որդիներս մեծացան, առանց պրոբլեմների ծառայեցին բանակում: Եվ այն, որ
այսօր ես հպարտանում եմ հայրենիքի պաշտպանությանը որդիներիս ներդրած լումայով,
նշանակում է, որ իմ աշխատանքն իզուր չի անցել»,-համոզված է Նոյակերտցի լավատեսը: