Գալիպոլիի և Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքական ժեստիկուլյացիան վկայում է աշխարհին ընտրության առջև դնելու Թուրքիայի ձգտման մասին`հայերի ողբերգությունը, թե՞ թուրքերի հաղթանակը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել Անկարայի նման քաղաքականության հեռանկարները:
Սկսենք այն բանից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումները ոչ մի կերպ աշխարհին ընտրության առջև դնելու նպատակ չեն հետապնդում: Թուրքիան ի պատասխան արշավ է ծավալել, որպեսզի ստվեր նետի երիտթուրքերի իրականացրած հանցագործությունների տարելիցի վրա, թույլ չտա հիշեցնել այդ ողբերգության մասին: Անկարան այդ գործում բավականին կեղտոտ մեթոդների է դիմում: Նման մեթոդներից մեկը Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը մարտի 18-ից ապրիլի 24-ը տեղափոխելն է: Դա արվել է, որպեսզի աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները կանգնեն բարոյական ընտրության առջև`Թուրքիայի տոնակատարությունները, թե՞ ցեղասպանության հիշատակի միջոցառումները Հայաստանում: Պետությունների մեծ մասի կողմից դա որպես թուրքական խորամանկ հնարք է ընկալվել:Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, այլ պետությունների կողմից դրա ճանաչմանը խոչընդոտներ ստեղծելը Թուրքիայի գործն է: Բայց այլ երկրների Հայաստան կամ Թուրքիա մեկնելու ընտրության առջև կանգնեցնելը վկայում է իր խնդիրներն ուրիշի ուսերին բարդելու Անկարայի փորձերի մասին, ինչը ոչ ոքի դուր չի գալիս: Կարծում եմ, որ պետությունների ղակավարների կողմից համապատասխան դիրքորոշում կհայտնվի ապրիլի 24-ի մոտենալուն պես, և հուսով եմ, որ նրանք տեղի չեն տա Անկարայի խորամանկ հնարքներին:
Ինչպե՞ս կբնորոշեք Անկարայի գործողությունները Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության ակտիվացման ուղղությամբ:
Թուրքական քաղաքականության հայկական ուղղությամբ զբաղվող անձանց գործողություններում շփոթվածություն է նկատվում: Պատճառը`Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ուղղությամբ վերջին գործողությունների չմտածվածությունն է,
Դա թե’ ՙգալիպոլյան՚ նախաձեռնությունն է, թե`ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի մասնակցությամբ թուրք դեսպանների հունվարյան հանդիպումը, խորհրդարանական, մշակութային դիվանագիտությունն օգտագործելու փորձերը: Այդ`հաճախ փոխբացառող գործողությունները ձեռնարկվում են բոլոր ճակատներով, ինչում էլ դրսևորվում է այդ շփոթվածությունը: Կարծում եմ, որ Անկարայում այժմ վախենում են այդ ողջ քաղաքականության հետևանքներից, չեն կարողանում հաշվարկել, թե ինչ շրջադարձ այն կարող է ունենալ իրենց համար: Վախենում են մեծ կորուստներից:
Ի՞նչ կորուստներից:
Թուրքերն զգուշանում են մեծ կորուստներից, քանի որ վախենում են երկրի դերից, որը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև հանդես է գալիս արդի աշխարհընկալման շրջանակներից դուրս գտնվող պետության դերում, ինչն սպառնում է մնացած աշխարհից մեկուսացմամբ:
Այո, բայց Թուրքիայի զսպման Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին:
Թուրքիային զսպելու Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին և, գլխավորը, զսպում վերջինիս հավակնությունները, ինչն առաջին հերթին դրսևորվում է նրա նկատմամբ Արևմուտքի անվստահությամբ:
Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մեծ կախվածություն զգալ առաջին հերթին ԱՄՆ-ից: Որպես ՆԱՏՕ-ի անդամ`այն ԱՄՆ-ից սպառազինություններ է ստանում: Եվ կարելի է ասել, որ Թուրքայի անհաջողություններն արաբական ուղղությամբ էլ ավելի են մեծացնում այդ կախվածությունը: Իսկ շրջադարձ դեպի Արևելք Թուրքիայի համար, առանց Եգիպտոսի հետ նորմալ հարաբերությունների, որոնք այժմ չկան, անհնար է:
Ի՞նչն է այսօր օբյեկտիվորեն խանգարում Թուրքիային գնալ Գերմանիայի ճանապարհով և ազատվել երիտթուրքերի գործած Ցեղասպանության հետևանքներից:
Հարցը շատ բարդ է: Գոյություն ունի մի քանի պատճառ, որոնք Թուրքիայիn խանգարում են ընթանալ Գերմանիայի ուղիով և ձերբազատվել երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքներից: Դրանցից առաջինն այն է, որ պատմական առումով Թուրքական Հանրապետության հիմնադիրներն անմիջականորեն մեղսակից են Հայոց ցեղասպանությանը` բացառությամբ Աթաթյուրքի: Երկրորդ. Ցեղասպանության շրջանում տեղի է ունեցել հայ ժողովրդի կողոպուտ, և կողոպտված միջոցները դրվել են Թուրքիայի խոշոր կարողությունների հիմքում: Երրորդ. Ցեղասպանության հիմնական նպատակը եղել է հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, որով թուրքերը փորձել են «լուծելե Հայկական հարցը: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կհանգեցնի այդ հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության, այլև ներկայիս Արևելյան Անատոլիայի ճանաչման` որպես բուն Արևմտյան Հայաստան;
Չորրորդ պատճառը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքներն են: Այսպես, թուրքերը զգուշանում են ոչ միայն ՙՀայկական հարցի՚ վերածնունդից, այլև ավելի զգալի հետևանքներից` այդ ոճրագործության դիմաց փոխհատուցման հայության պահանջներից: Հինգերորդ պատճառը վերաբերում է բարոյական ոլորտին:
Վերջին 25 տարվա ընթացքում Թուրքերի հետ հանդիպումներից անձնական տպավորությունների հիման վրա ես հանգել եմ եզրակացության, որ նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընկալում են ազգային-բարոյական հարթությունում: Նրանք կարծում են, թե, ճանաչելով Ցեղասպանությունը, ներկայիս իշխանությունները թուրք ժողովրդին կդնեն հավերժ ցեղասպանություն գործած ժողովուրդ կոչվելու անհրաժեշտության առջև: Ուստի Թուրքիայի ղեկավարության առնվազն ներկայիս սերունդը հնարավորինը կանի այդ խարանից խուսափելու համար:
Անկախ քաղաքական բաղադրիչից`արդյո՞ք այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտություն եք տեսնում:
Անկախ քաղաքական բաղադրիչից` այսօր առկա է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման օբյեկտիվ անհրաժեշտություն: Բնականոն միջպետական հարաբերությունները, իմ կարծիքով, խոչընդոտ չեն Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու ճանապարհին` ներառյալ Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Սակայն այդ հարաբերությունները ոչ մի դեպքում չպետք է զարգանան ի վնաս Թուրքիայի նկատմամբ մեր օրինական և արդարացի պահանջներին:
Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելու հարցում հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող Համահայկական հռչակագիրը և Հայաստանի խորհրդարանից ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը համընկել են ժամանակային առումով: Քաղաքական ի՞նչ նպատակ են հետապնդել այդ երկու քայլերը:
Համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ է մեր իրականությունում, քանի որ առաջին անգամ հաջողվել է փոխհամաձայնության հանգել ամբողջ աշխարհի հայության շրջանում: Մեզ հարկավոր է, կանգ չառնելով դրանում, համատեղ հանդես գալ բոլոր նման խոշոր նախաձեռնություններում: Հայության փոխհամաձայնությունը մեր ապագա ձեռքբերումների գլխավոր երաշխիքն է: Եվ Համահայկական հռչակագիրը նման ձեռնարկի հաջողակության ակնհայտ օրինակ է: Մեռած արձանագրությունները չէին կարող դեր խաղալ քաղաքականությունում: Եվ նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը`հայությունն ուղղակի չէր կարող նման փաստաթուղթ ունենալ Հայաստանի
խորհրդարանում: Նման դիրքորոշման հարցում մեծ նշանակություն ունի այն, որ Թուրքիան
ինքն է տորպեդահարել Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը:
Կարծում եմ`կհամաձայնեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հաստատ
առաջին տեղը չի զբաղեցնում թուրքական արտաքին քաղաքականությունում: Ի՞նչ հիմնական
մարտահրավերներ և խնդիրներ են այսօր ծառացած Թուրքիայի առջև:
Արտաքին, մասնավորապես`տարածաշրջանային քաղաքականությունում Թուրքիայի առջև
բավականին լուրջ խնդիրներ են ծառացած, որոնք բխում են արտաքին քաղաքականությունում
Էրդողանի`Թուրքիայի իրական կշռին ու հնարավորություններին չհամապատասխանող
հավակնոտ նպատակներից: ՙԱրդարության և զարգացման կուսակցության`Թուրքիայի իրական
հնարավորություններից բարձր ցատկելու ձգտումը բազմաթիվ խնդիրներ է հարուցում,
առաջին հերթին`երկրի տարածաշրջանային քաղաքականությունում: Սիրիայի հետ խնդիրներից
բացի, դա Եգիպտոսի հետ հարաբերությունների վատթարացումն է մինչև աննախադեպ ցածր
մակարդակը, Իսրայելի հետ հարաբերությունների վատացումը, Իրանի հետ վատ
հարաբերությունները:
Ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու Էրդողանի այդ փորձերը հարուցում
են Թուրքիայի արևմտյան գործընկերների ակնհայտ դժգոհությունը: Մնալով ՆԱՏՕ-ի անդամ
և ֆորմալ առումով դեռ ձգտելով դեպի ԵՄ`Անկարան ոչ միայն չի համաձայնեցնում մի շարք
գործողություններ արևմտյան գործընկերների հետ, այլ նաև գործում է հակառակ
վերջիններիս շահերի: Պետք չէ թերագնահատել նաև իր հավակնոտ նպատակներին հասնելու
համար Մերձավոր Արևելքում գործող մահմեդական ծայրահեղական կազմակերպությունների
վրա հենվելու Թուրքիայի ձգտումը:
ՙԻսլամական պետության՚...
Այդ թվում: Այդ կազմակերպությունը որոշ չափով թուրքական քաղաքակնության ծնունդ
է: Մինչ այժմ ԻԼԻՊ զինված ջոկատների հրամանատարները բուժօգնություն են ստանում
Թուրքիայի տարածքում գտնվող զինվորական հոսպիտալներում: ՙԻսլամական պետության՚
կողմից նավթի ապօրինի վաճառքի ողջ ծավալն անցնում է թուրքական տարածքով: Մինչև
վերջերս գրոհայինները նույն թուրքական տարածքով հսկայական քանակով զենք են ստացել:
Նույնիսկ այսօր նման փաստեր կան: ԱՄՆ ղեկավարությամբ պետությունների հակաիլիպյան
կոալիցիային միանալուց Թուրքիայի հրաժարվելն ԻԼԻՊ-ի հետ հարաբերութունները
փչացնելու վերջինիս ցանկության բացակայության ապացույց է: Այս ամենը բխում է
Թուրքիայի ձգտումից`ազատվել Ասադի ռեժիմից, հասնել Սիրիայի`որպես տարածաշրջանի
աշխարհաքաղաքական միավոր, գոյության դադարմանը: Միասնական, ուժեղ Սիրիան կանգնած է
տարածաշրջանային առաջատար դառնալ ձգտող Թուրքիայի ճանապարհին: Դրանով էր
պայմանավորված Անկարայի ակտիվ միջամտությունը ներսիրական գործերին, սիրական
ընդդիմությանը, արմատական ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի Իսրայել այցը, կարծես, աննկատ անցավ: Ձեր կարծիքով,
որո՞նք էին դրա պատճառները:
Հստակ տեղեկատվություն չունեմ, սակայն կարող եմ ասել, որ 3 տարի առաջ մեր
ինստիտուտում էր գտնվում Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակից, տարածաշրջանային
խնդիրների մասնագետ դոկտոր Քոհենը: Նա Իսրայելի առաջին պաշտոնական ներկայացուցիչն
էր, ով հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր երկրի պատրաստակամության
մասին`չնայած երկրում այդ ճանաչման հակառակորդների առկայությանը: Խնդիրն այն է, որ
Իսրայելի քաղաքական վերնախավն իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի
առնչությամբ միասնական մոտեցում չի մշակել:
Իսրայելցի գործընկերների հետ շփման հիման վրա կարող եմ ասել, որ այդ
հարցում միասնական կարծիք չկա նույնիսկ Իսրայելի ԱԳՆ տարբեր վարչությունների
մակարդակով:
Այսինքն`ամեն բան հանգում է քաղաքական հաշվարկներին, և Իսրայելի կողմից
օգտագործվում իր հակաթուրքական քաղաքականությունում`որպես պատասխան Անկարայի
հակաիսրայելական քաղաքականությանը: Մենք վաղուց վարժվել ենք այլ երկրների արտաքին
քաղաքականությունում մեր ողբերգության օգտագործմանը: Կարծում եմ`ժամանակն է
խոսելու նաև մեր շահերի մասին: Այդ պատճառով Էդվարդ Նալբանդյանի այցը, նրա
հանդիպումն Իսրայելի նախագահի հետ, հարկավոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից:
Այսինքն` Իսրայելում լայն դաշտ կա ՀՀ ԱԳՆ աշխատանքի համար...
Անշուշտ: Ըստ որում, ոչ միայն մեր կողմից: Կարծում եմ`Հայաստանի հետ
համագործակցության շահագրգռվածություն նկատվում է նաև Իսրայելի կողմից`հաշվի
առնելով վերջինիս քաղաքականությունը Հարավային Կովկասում, նույնիսկ չնայած
Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերություններին: