Սպասվում է խոշորագույն ավիաընկերությունների մուտքը Հայաստանի շուկա: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Լսումների ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը քանդեց օդային տրանսպորտի ոլորտը, դառնալով հայաստանյան շուկայից բազմաթիվ ավիաընկերությունների հեռանալու, ինչպես նաև ավիատոմսերի գների բարձրացման պատճառ: Նա հայտարարել է, որ նախարարությունն անգործության մեջ է և գործնական քայլեր չի իրականացնում ազգային ավիափոխադրողի ստեղծման ուղղությամբ:
Իսկ Մինասյանը հայտարարել է, որ համաձայն չէ այդ գնահատականներին: Նրա խոսքով, Հայաստանի ավիացիոն շուկայում տիրում է կայուն իրավիճակ, ավելին, սպասվում է խոշորագույն ավիաընկերությունների մուտքը, որոնք կմրցակցեն գործող ռուսաստանյան ընկերությունների հետ: Նա հայտարարել է, որ օդային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում դեռ շատ անելիքներ կան: «Ես կարող եմ պաշտոնական տեղեկություններ ներկայացնել այն մասին, որ մեկ միավորի սպասարկման գները Երևանի օդանավակայանում ավելի մատչելի են, քան Թբիլիսիում կամ Բաքվում»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը կառավարության կողմից հայտարարվեց 2013 թվականին «Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնակացումից հետո, հանգեցրեց հայաստանյան շուկայից օտարերկրյա ավիաընկերությունների համատարած փախուստի: Արդյունքում` ավիատոմսերի բարձր գների պատճառով հայ ուղևորներից շատերը նախընտրում են օգտվել հարևան Վրաստանի օդային ծառայություններից, որտեղ հաջողությամբ գործում են մի շարք եվրոպական լոուքոսթերներ: