Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մասնագիտացված բուժհաստատություն տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը, պատճառաբանելով, թե այդ հարցով կզբաղվի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն արդեն հայտարարել է, որ դիմելու է քրեակատարողական վարչություն, որպեսզի այդ հարցը շուտափույթ լուծվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես հայտարարել է փաստաբանը, Վահան Շիրխանյանը համաձայն չէ մեղադրանքին: Նույն գործի շրջանակում ավելի վաղ կալանավորված 2 տասնյակից ավելի անձանցից բացի, հունվարի 14-ին ձերբակալվել են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: