Իտալական Sponda Sud պարբերականն իր վրեջին համարում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության թեմային, ադրբեջանական վրեջին ագրեսիային և դրա հետևանքներին:
Ըստ պարբերականի, Լեռնային Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը պետություն է, որն իրեն ԻԼԻՊ-ի նման է պահում: «Արդեն հաստատվել է հակամարտության գոտում խալիֆայության նախկին զինյալների ներկայությունը: Իսկ դա ապացուցում է, որ բռնապետ Ալիեւի կողմից կառավարվող պետությունն Իսլամական պետության ահաբեկիչների ամենաիսկական հովանավորն է», - գրում է Sponda Sud-ը:
Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց, որ չի հետեւում միջազգային արժեքներին եւ չի հարգում դրանք: «Մինչդեռ Եվրոպան, որ քաղաքակրթության խորհրդանիշ է, որը միշտ պայքարել է ընդդեմ ահաբեկչության, ոչինչ չի անում: Այն ժամանակ, երբ հայերը հողին էին հանձնում իրենց զինվորներին, Միջազգային հումանիտար VII համաժողովում, որը, ճակատագրի քմահաճույքով, անցկացվում էր Բաքվում, ՄԱԿ-ը խոսում էր քաղաքացիական հասարակությունների միության մասին: Պարզ է, որ ոչ մի կապ չի կարող լինել քաղաքակրթության եւ գլխատված զինվորի միջեւ: Իսկ Ալիեւն այդ ամենից հետո, նույնիսկ, պարգեւատրեց այն զինվորին, որն արել էր դա, իր բանակին ցույց տալով, որ դա դեպի պարգեւ տանող ուղին է», - գրում է պարբերականը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ առաջին անգամ չէ, որ Բաքվում մարդասպանին հերոսացնում են` նշելով քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու և պարգևատրելու փաստը:
«Ադրբեջանը սատարում է ահաբեկչությունը: Դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի կամ նրա Սփյուռքի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Հարկավոր է կանգնեցնել ահաբեկչությանը սատարելուն նպատակաուղղված Բաքվի գործողությունները», - ասվում է հոդվածում: