Չկարգավորված հակամարտությունները լուրջ խնդիր են խաղաղության և «Արևելյան գործընկերության» շրջանակում համագործակցության համար, Ռիգայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ինչպես հաղորդում է «Թուրանը», Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացման շարունակումը տարածաշրջանի անկայունության հիմնական գործոն է: Հայաստանը խուսափում է ցանկացած կառուցողական համագործակցությունից, որը կարող է փոխել ստատուս-քվոն: Տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարիադրացիության հաստատումը հնարավոր է միայն Ադրբեջանի միջազգային ճանաչում ստացած սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակում: Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան օկուպացված տարածքներից, իսկ ադրբեջանցի բնակչությունը պետք է վերադառնա հարազատ վայրեր»:
Մամեդյարովը նաև անդրադարձել է Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններին, ընդգծելով, որ համագործակցության նոր եղանակներն իրենց արտացոլումն են գտել ռազմավարական գործընկերության երկկողմ համաձայնագրի նախագծում, որը պաշտոնապես ներկայացվել է ԵՄ հանձնկատար Յոհանես Հանին: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրին, ապա ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանական Հանրապետությունը ԵՄ հետ հարաբերություններ է կառուցում երկկողմ ձևաչափով», - ամփոփել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում իր ելույթում հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ երբեք անկախ Ադրբեջանի մասն չի կազմել: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք, ամեն կերպ արգելակում են խաղաղ կարգավորման գործընթացը` մերժելով կարգավորման բոլոր սկզբունքների հավասարազորությունը: