Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Ռոստելեկոմը Հայաստանում անց է կացնելու օրեր՝ նվիրված «Азбука Интернета» ձեռնարկի ներկայացմանն ու բաց դասերի հայաստանյան մեկնարկին։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 30-ին, ժամը 11։00 Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես կմեկնարկի «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, և առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։
Մամլո ասուլիսին պաշտոնական հյուրերից ներկա կգտնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան Խորհրդական Օլեգ Շապովալովը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի փոխտնօրեն Յուլիանա Սոկոլենկոն, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Ռոստելեկոմի» կողմից հայտարարված՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Ավելի ուշ՝ ժամը 15։00 ուսումնական ձեռնարկի որոշ խմբաքանակ պաշտոնական պայմաններում կփոխանցվի Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։
Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 1-ին երկու բուհերում՝ Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում (ք. Երևան, Արզումանյան փ. 5/2) և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ք.Երևան, Հովսեփ Էմինի փ. 123), ուր տեղի կունենան 55+ տարիքի բնակչության համար նախատեսված դասընթացներն ու վերապատրաստման դասընթացներ ուսանող-կամավորների համար։ Վերջիններս հետագայում հանդես կգան որպես դասընթացավարներ։
Հիշեցնենք, որ «Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։ Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։ Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։ Հանձնաժողովի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցներ։ Մրցույթը Հայաստանում անցկացվում էր «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի աջակցությամբ: Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Азбука Интернета» նախագծի պաշտոնական կայքից՝ www.azbukainterneta.ru.
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:-