Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԱԾ կողմից ձերբակալված Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Ինչպես նշել է փաստաբանը, Արթուրը ոչ մի կուսակցության չի հարել: ՙՆրա միակ կուսակցությունը եղել է Հայաստանը, իսկ կուսակցական անդամները՜ հայերը՚,- հայտարարել է Բաղդասարյանը: Նրա խոսքով, Արթուր Վարդանյանը, թողնելով բարեկեցիկ կյանքը, իր լուման է ներդրել Քեսաբի ազատագրման գործում, Արթուրի հայրը՝ Վալերի Վարդանյանը զոհվել է ղարաբաղյան պատերազմում և թաղված է ՙԵռաբլուրում՚: ՙԱրթուրը փայլուն կրթություն է ստացել Եվրոպայում, ունի ընտանիք, երեք անչափահաս երեխա, լավ աշխատանք՚,- նշել է Բաղդասարյանը: Փաստաբանը նշել է, որ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հայտարարությունները, թե խմբավորումը հրեշավոր հանցագործություններ է նախապատրաստել, հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքի ապահովմանը: ՙՔանի դեռ նախաքննություն է ընթանում, ոչ ոք իրավունք չունի որևէ գնահատական տալ՚,- հայտարարել է Բաղդասարյանը՝ կոչ անելով զերծ մնալ անհարկի գնահատականներից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը, ԱԱԾ հավաստմամբ, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: