Սևանա լճի ավազանում նավթի և գազի արդյունահանումը կործանարար կլինի լճի համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՙԷկոԼուրը՚, ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել ՙԲլեքսթերզ Էներջի Արմենիա՚ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին:
Այսպիսով` ՙԲլեքսթերզ Էներջի Արմենիա՚-ը թույլտվություն է ստանում նավթ եւ գազ որոնել Սեւանա լճի ավազանում` ձկնորսությամբ զբաղվող Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն համայնքների տարածքներում: Հայտի համաձայն, աշխատանքներն իրականացվելու են 2015-2016 թթ. ընթացքում: Աշխատանքների ընդհանուր ծախսը կազմում է $11 մլն: Մինչդեռ Էկոլոգներն արդեն մտահոգված են դրական որոնողական աշխատանքների դեպքում Սևանում նավթի ու գազի արդյունահանման հեռանկարով: ՙԱռաջինը`դա հակասում է ՙՍևանա լճի մասին՚ օրենքին: Երկրորդ`արդեն այսօր մենք տեսնում ենք Կասպից ծովում նավթի արդյունահանման բացասական հետևանքները: Համոզված ենք, որ նման աշխատանքներն իսկական էկոլոգիական աղետ կհանդիսանան Սևանի համար՚,-ընդգծել է Դանիելյանը`ավելացնելով, որ էկոլոգները թույլ չեն տա հիշյալ օգտակար հանածոների արդյունահանումը Սևանի ավազանում: