Ադրբեջանի ղեկավարության հրամանները հիշեցնում են Վերմախտի հրամանատարության ոճը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`մեկնաբանելով շփման գծում ցանկացած շարժվող օբյեկտ անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրաման անձնակազմին:
Բաբայանի խոսքով, նման հրամանները վերահաստատում են փաստը, որ Ադրբեջանում իշխանության ղեկին ոչ ադեկվատ մարդիկ են:
ՙԲայց նման հրամանները, սպառնալիքները, ահաբեկելու փորձերը մեզ վրա որևէ կերպ ազդեցություն գործել կամ խուճափ առաջացնել չեն կարող: Եթե ադրբեջանական կողմը դիվերսիա կատարի, խախտի հրադադարի ռեժիմը կամ որևէ կերպ սպառնա մեր պետությանը, մենք համարժեք պատասխան կտանք՚,- ընդգծել է Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Միաժամանակ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացումը`Բաբայանը նշել է, որ դա կապված է մի շարք գործոնների, այդ թվում`Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտալուտ տարելիցի հետ:
ՙՀրադադարի ռեժիմի խախտումներն ինտենսիվանում են ապրիլի 24-ին, այնուհետև մայիսի 9-ին`Շուշիի ազատագրման օրը: Դա կրկին հաստատում է Ադրբեջանի ղեկավարության և ժողովրդի բարդույթավորվածությունը: Թերարժեքության բարդույթ ադրբեջանական կողմի մոտ հատկապես վառ կերպով դրսևորվում է այդ օրերին՚,- նշել է նա`ավելացնելով, որ Ադրբեջանը վաղուց ազգայնական պետություն է դարձել:
Նշենք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ շփման գծի անձնակազմին արդեն հրաման է տրվել անհապաղ ոչնչացնել ցանկացած շարժվող օբյեկտ, և այդ հրամանն անվերապահորեն կատարվում է:
Նշենք, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի հրամկազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ մատնանշելով հայոց բանակի բացառիկ դերը՝ որպես հայ ժողովրդի անվտանգության ապահովման և Հայոց ցեղասպանության նման դաժան ոճրագործությունների կանխարգելման երաշխավոր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին: