ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) զորավարժությունը ցույց տվեց կազմակերպության անդամ պետությունների զինծառայողների պատրաստության բարձր մակարդակը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ առընթեր Ղազախստանի լիազոր ներկայացուիչ Վլադիմիր Ալեսինը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Իմ կարծիքով, զորավարժությունն անցել է պլանային ռեժիմով: Հայաստանի գլխավոր շտաբը մշակել էր հետաքրքիր սցենար, հենց այնպիսին, որի համաձայն,պետք է աշխատեն խաղաղապահները»,- նշել է Ղազախստանի լիազոր ներկայացուցիչը: Այդ համատեքստում նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրել են բավականին լավ հմտություն և գործողությունների համաձայնեցվածություն: Նրա ասելով, ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր է հասնել գործողությունների այդպիսի համաձայնեցվածության որևէ ճգնաժամմային իրավիճակի և օպերատիվ գործողությունների պայմաններում:
ՄԱԿ խաղաղության աջակցման գործողությունների դեպարտամենտի ոստիկանական վարչության աշխատակից Դենիս Տիխոմիրովն իր հերթին նշել է, որ անցած զորավարժությունը եզակի է իր տեսակով այն տեսանկյունից, որ դրան առաջին անգամ մասնակցում են ՄԱԿ ներկայացուցիչներ: «Ինձ, որպես ՄԱԿ ոստիկանական վարչության ներկայացուցչի, հաճելի է հետևել զորավարժությունների ընթացքին: Մենք, անշուշտ, կշարունակենք համագործակցությունը ՀԱՊԿ հետ` 2014 թվականին համապատասխան կառույցնեիր միջև ստորագրված հուշագրի շրջանակում», - եզրափակել է ՄԱԿ աշխատակիցը:
Բելառուսի խաղաղապահ վաշտի դասակի հրամանատար Վիկտոր Կուզմինը նշել է, որ սա իր երրորդ զորավարժությունն է: «Կարող եմ վստահաբար ասել, որ տարեցտարի զորավարժություբները դառնում են ավելի հագեցած և հետաքրքիր, հաշվի են առնվում և սրբագրվում են նախորդ զորավարժությունների սխալներն ու բացթողումները», - նշել է Կուզմինը: Նա ընդսմին հավելել է, որ Հայաստանում ընթացած զորավարժությունը հետաքրքիր էր, հագեցած և ինֆորմատիվ:
ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունն ընթացել է Մարշալ Բաղրամյանի անվան հրձգարանում` սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերիկ 4-ը: Զորավարժությանը մասնակցել էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 600 զինծառայողներ, ինչպես նաև շուրջ 50 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, չորս ուղղաթիռ և հայկական անօդաչու թռչող սարքեր` տեղանքի հետախուզման համար: