Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր լրագրողներին հայտնել է Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Նա նշել է, որ Ավետիսյանի գործի քննությունը կարող է մի քանի տարի տևել, սակայն փաստաբանը համոզված է, որ ՄԻԵԴ-ն կարձանագրի հայկական արդարադատության կողմից վետերանի իրավունքների խախտում:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին: Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը` հավաստելով, որ իշխանություններն ուղղակի փորձում են պատժել իրեն անցած տարի կազմակերպված բողոքի ակցիաների համար:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի` Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: