«Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք։ Աստծու կամոք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան:
Նա նշել է, որ օրերս մի շատ ջերմ նամակ է ստացել Սլովակիայում Հայաստանի դեսպանից։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Բլահա, ի շնորհիվ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակասական բանաձևը մերժվեց։ Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ և սլովակյան պատվիրակության մյուս անդամներին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի և Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ Ստրասբուրգում չափազանց գործուն քայլեր ձեռնարկելու համար։ Ձեր քվեները մեծ ներդրում էին Մադրիդյան սկզբունքների (2007թ.) հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու գործում։ Տեղյակ եմ Ձեր՝ Ստրասբուրգ ուղևորվելու հանգամանքներից և թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև այս ջանքերի համար»:
Այդ համատեքստում Բլահան երախտագիտություն է հայտնել դեսպանի հարգալից խոսքերի համար և նշել, որ խորին հարգանքով է վերաբերվում Հայաստանի դեսպանին: Սլովակիայի խորհրդարանականը նաև վստահեցրել է, որ ինքը միշտ կանգնած է այն կողմում, ուր ճշմարտությունն է և խաղաղությունը։
Նշենք, որ հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` ուղղումներով: Զեկույցի օգտին քվեարկել է 98 պատգամավոր, դեմ` 71-ը, 40 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Զեկույցում, մասնավորապես, հայկական կողմը մեղադրվում է Սարսանգի ջրերի միակողմանի օգտագործման համար: Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» բանաձևը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել վերը նշված զեկույցների քննարկման առնչությամբ, ԵԽԽՎ խորհրդարանականներին կոչ անելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: