2015 թ. Արևելյան գործընկերության` Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ միջև որևէ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է, հայտարարել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա հիշեցրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ հետ համագործակցությունը կախված է առաջարկներից, որոնք կարող է ներկայացնել հայկական կողմը: Փորձագետը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները հապաղում են առաջարկների փաթեթը կազմելու հարցում, քանի որ սպասում են ռուս-եվրոպական հարաբերությունների հետագա զարգացմանը: ՙՍակայն, նույնիսկ եթե հայկական կողմի առաջարկները պատրաստ լինեն, ԵՄ-ն պետք է քննարկի դրանք, հավանության դեպքում ստանա կառույցի բոլոր մասնակիցների հավանությունը, իսկ դա երկարատև գործընթաց է, և հազիվ թե մինչև մայիս հնարավոր է հասցնել՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել էր, որ 2015 թ. մայիսին Ռիգայում կայանալիք ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովը, որը կընթանա Եվրամիության Խորհրդում Լատվիայի նախագահության շրջանում, կարող է Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության կարևոր փուլ հանդիսանալ: ՙՀայաստանի դեպքում անհրաժեշտ է ընտրել ԵՄ հետ համագործակցության շարունակման այնպիսի ձևաչափ, որը հաշվի կառնի հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Խոսքը ճանապարհային քարտեղ ստեղծելու մասին է`նոր պայմանագրի կնքմանն ուղղված քայլերի և քաղաքականության մշակման նպատակով՚,- ավելացրել է նա: