Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հերթական նիստում, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին, «GeoProMining Gold» ՍՊԸ-ին թույլատրվեց օգտագործել Սոթքի ոսկու հանքավայրի ռադիոհաճախականությունները (Գեղարքունիքի մարզ):
Ըստ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ղեկավար Գևորգ Գևորգյանի, ընկերությունն արդյունաբերական նպատակներով կզբաղեցնի 153,125 ՄՀց և 158,125 ՄՀց ռադիոհաճախականությունները:
Նշենք, որ GeoProMining ընկերությունն ստեղծվել է 2001 թվականին, հանդիսանում է մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով միջազգային մասնավոր ընկերություն: Ընկերությունը ոսկի է արտադրում «Dora» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով: GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում GeoProMining-ին է պատկանում երկու ընկերություն` Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրերը, միաժամանակ կառավարելով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: