Պրն. Նիկոյան, ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհրդի նիստում հանդես եկավ ծավալուն ելույթով, որի թիրախն ամբողջովին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր:
Ողջ ելույթի լեյտմոտիվը Ծառուկյանի քաղաքական չկայացվածությունը և անգրագիտությունն էր, կային նաև կոշտ բնորոշումներ: Չե՞ք կարծում արդյոք, որ պետության առաջին դեմքի ծավալուն ելույթն իշխող կուսակցության Խորհրդի հատուկ գումարված նիստում, իսկ հետո Ազգային անվտանգության խորհրդի արտահերթի նիստը, որի օրակարգում ևս ԲՀԿ առաջնորդն էր, ավելի շուտ վկայում է քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի կարևորության, քան նրա չկայացվածության մասին:
Ամբողջ հարցն այն է, որ Հանրապետական կուսակցությունը, վերջինիս առաջնորդ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ աչք են փակել Գագիկ Ծառուկյանի արարքների վրա`ելնելով տարբեր նկատառումներից, որպեսզի չսրեն իրավիճակը, արհեստականորեն կարևորություն չհաղորդեն նրա գործողություններին և հայտարարություններին: Բայց երբ պարզ է դառնում, որ այդ ամենն ադեկվատ չի գնահատվում, որ որպես ամենաթողություն է ընկալվում, և ոմանք դադարում են սթափ գնահատել իրականությունը և անպատկառ վարքագիծ են դրսևորում, գալիս է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Ցավոք, Ծառուկյանի մերձակա շրջապատը ֆետիշացրել է նրա քաղաքական կերպարը, և նա փորձել է այդ կերպարի մեջ մտնել, հավատացել դրան: Սակայն, ժամանակն է հիշեցնել նրա իրական էության մասին: Ընդհանրապես Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ Խորհրդի նիստում ուղղված է ոչ միայն Ծառուկյանին: Վստահ եմ, որ դրանից հետո երկրի քաղաքական կյանքում նոր էջ կբացվի, կյանքի կկոչվեն նոր արժեքներ և արմատախիլ կարվեն բացասական շատ երևույթներ. փողը, ուժը, ամբարտավանությունը վերջին տարիներին գերիշխող են դարձել մեր երկրի քաղաքական կյանքում, համոզված եմ, որ ՀՀԿ Խորհրդի նիստից հետո Հայաստանի քաղաքական դաշտն այդ սկզբունքներով չի ղեկավարվի:
Գուցե ավելի լավ կլիներ շարունակել նախկին քաղաքականությունը, ՙաչք փակել՚ և առաջին դեմքի ելույթներով կարևորություն չհաղորդել Ծառուկյանի ելույթներին, չէ որ այժմ իրավիճակը երկրի քաղաքական դաշտում կարող է կտրուկ սրվել, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև առճակատումը, ամենայն հավանականությամբ, սուր փուլ կթևակոխի:
Չնայած մեր հանդուրժողականությանը`առճակատում արդեն կար, և այն մեր կողմից չէր նախաձեռնված, այնպես որ`մեր գործողությունները չեն երկրում իրավիճակի սրման պատճառ դարձել: Պարզապես պահ է գալիս, երբ ավելորդ հանդուրժողականության դրսևորումը կարող է ավելի շատ վնասել, քան օգնել:
Պրն. Նիկոյան, Դուք ասացիք, որ ամբարտավանությունը, փողը, ուժը վերջին տարիներին գերիշխող են դարձել մեր երկրի քաղաքական կյանքում: ՀՀ նախագահն իր ելույթում հայտարարեց, որ երկար տարիներ չստուգված են մնացել Ծառուկյանի կողմից հարկային պարտավորություններից խուսափելու և այլ հանցագործությունների մասին լուրերը: Հարց է ծագում`երկրի իշխանություններն ինչու՞ են տարիներ շարունակ աչք փակել այդ ամենի վրա:
Այո, դուք ճիշտ եք:
Նույնիսկ Հայաստանի նախագահն է խոստովանել, որ շատ է հապաղել իր գործողություններում: Կարծում եմ, որ բացասական երևույթների դեմ պայքարը հարկավոր էր ավելի վաղ սկսել, քանի որ որքան հապաղում ես գործողություններում, այդ երևույթներն ավելի են արմատավորվում հասարակական-քաղաքական կյանքում, և դրանց դեմ պայքարն ավելի է դժվարանում: Բայց միշտ հույս է մնում, որ իրավիճակը կարելի է շտկել ոչ թե արմատական մեթոդներով, այլ`հորդորներով, բացատրություններով, զրույցներով: Դա որոշակի ժամանակ է պահանջում: Եվ միայն այն բանից հետո, երբ գիտակցում ես, որ այդ մեթոդներն սպառված են, և իրավիճակը չի շտկվել, հարկ է լինում ավելի կոշտ միջոցների դիմել: Այժմ հենց այդ պահն է:
Պրն. Նիկոյան, ՙչարիքի՚ դեմ պայքարը Հայաստանում, չգիտես ինչու, Ծառուկյանից սկսվեց, բայց չէ որ, համաձայն նույն չստուգված լուրերի, որոնք վկայակոչեց նախագահը`մեղադրելով ԲՀԿ առաջնորդին հարկային պարտավորություններից խուսափելու մեջ, նման անբարեխիղճ գործարարներ կան նաև կառավարող կուսակցության շարքերում, հանրապետականների թվում ևս կան պատգամավորներ, ովքեր, ինչպես Ծառուկյանը, մշտապես բացակայում են խորհրդարանի նիստերից, այդ առնչությամբ մանդատից զրկելու հարցն ինչու՞ է բարձրացվում միայն նրա նկատմամբ: Քաղաքական դաշտի ՙզտման՚ գործընթացն ավելի լավ չէ՞ր լինի սկսել սեփական շարքերից, այսպես ասած`օրինակ ծառայել, և հետո միայն մյուսներին անցնել:
Արդեն ասացի, որ ՀՀԿ Խորհրդի նիստից հետո հայկական իրականությունում գլոբալ բարեփոխումների նոր ժամանակաշրջան է սկսվում, որոնք ենթադրում են համապարփակ պայքար երկրում առկա բացասական բոլոր երևույթների դեմ`անկախ այն բանից, թե ով և ինչ է կանգնած դրանց հետևում: Այդ պայքարում որևէ դեր չի խաղա ո’չ կուսակցական, ո’չ սոցիալական պատկանելիությունը:
Եվ, վերջապես, Ձեր կանխատեսումները քաղաքական գործընթացների զարգացման առնչությամբ ՀՀԿ Խորհրդի նիստից հետո…
Չեմ բացառում, որ մեր կուսակցության Խորհրդի նիստից հետո երկրի քաղաքական կյանքը փոքր-ինչ կլարվի: Բայց դա չարիքի փոքրագույնն է: Ավելի լավ է ներքաղաքական իրավիճակի որոշակի սրում, քան մեր կյանքում արմատավորված բացասական երևույթների դեմ պայքարում հետագա հապաղումը: Վստահ եմ, որ իրավիճակն ամենակարճ ժամկետներում կհաջողվի կայունացնել: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանի և նրա կողմնակիցների խոստացած վաղաժամկետ ընտրություններին, դա ընդհանրապես բացառվում է, հատկապես` նախագահականի դեպքում: ՀՀ Սահմանադությունը վաղաժամկետ նախագահական ընտրությունների միայն երկու տարբերակ է նախատեսում. եթե պետության ղեկավարն ինքն է հրաժարական տալիս, և եթե առողջական վիճակից ելնելով` չի կարող շարունակել ղեկավարել երկիրը: Թե’ մեկ, թե’ մյուս իրավիճակը մեզ մոտ չկա: