Համաշխարհային հանրության արձագանքը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ցույց տվեցին, որ դրա ճանաչման գործընթացը նոր փուլ է թևակոխել: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, այդ միջոցառումները ցույց են տվել, որ համախմբվելու դեպքում հայերը կարող են հաջողության հասնել բոլոր հարցերում: Սահակյանը նաև երախտագիտություն է հայտնել բոլոր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, ովքեր օգնել են միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու հարցում:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ համաներում է հայտարարվելու`խոսնակը հայտարարել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում, քանի որ համապատասխան քննարկումներ դեռ չեն եղել: Այնուամենայնիվ, Սահակյանը չի բացառել համաներման հնարավորությունը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, համաներում նախատեսվում էր դեռ ապրիլին, սակայն երկրի իշխանությունները որոշել են հետաձգել այն`ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամների ձերբակալության պատճառով, որոնց վրա այն ևս տարածվում է: Իշխանությունները որոշել են մինչև ապրիլի 24-ի միջոցառումներն ազատ չարձակել նրանց`վախենալով, որ ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և նրա կողմնակիցները կխոչընդոտեն միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացմանը: