Ադրբեջտանի ԱԳՆ արձագանքել է մայիսի 5-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծի ներառմանը, որը ներկայացրել են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Զ ԼՄ-ները, ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, այդ առնչությամբ հայտարարել է, թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կթաղի Մինսկի գործընթացը: «Դրանից հետո ոչ մի իմաստ չի ունենա շարունակել բանակցությունները, և Մինսկի խումբը դրա համար ոչ մի մանդատ չի ունենա: Նման քայլը մարտահրավեր կլինի Մինսկի խմբի համանախագահներին, վիրավորանք` միջազգային հանրությանը և ծայրահեղ կամայականություն: Ուստի միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի հայկական կողմի նման սադրիչ գործողություններին», - նշվում է մեկնաբանությունում։
Միևնույն ժամանակ, երեկ պաշտոնական Երևանը հանդես է եկել տարբեր մակարդակների հայտարարություններով այն մասին, որ տվյալ փուլում Հայաստանը մտադիր չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչպես նշել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմ սանձազերծելու դեպքում:
Միևնույն ժամանակ, Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ երկու անգամ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունում էր նախաձեռնել, սակայն փաստաթուղթը երկու անգամ էլ մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, այն պատճառաբանությամբ, որ նման քայլը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման: