Հիմնադիր խորհրդարանը մտադիր չէ տեղի տալ և կշարունակի պայքարն ընդդեմ Հայաստանում կառավարող վարչակազմի: Մայիսի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղարաբաղյան պատերազմի հերոս, Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա ասելով, շարժման ռազմավարությունը փոխվել է, և եթե նախկինում շարժումը մտադիր չէր համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ, ապա այժմ պայքարն ընթանալու է երկու ճակատով` խորհրդարանում և դրա սահմաններից դուրս:
Նա նշել է, որ Հիմնադիր խորհրդարանը կհամագործակցի բոլոր ուժերի հետ, բացառությամբ այն ուժերի, որոնք մեղսակից են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Սեֆիլյանը հաղորդել է, որ ոչ մի խոչընդոտ չկա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կազմակերպության (Քաղաքացիական պայմանագիր - խմբ) հետ համագործակցության համար: ՀԽ ներկայացուցիչը միևնույն ժամանակ բացառել է որևէ համագործակցություն Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսի» հետ, քանի որ Ուրիխանյանը եղել է այն ժամանակվա կոալիցիայում (ավելի վաղ Ուրիխանյանը ԲՀԿ մամուլի քարտուղարն էր, որը կառավարող կոալիցիայի կազմում էր – խմբ):
Սեֆիլյանը նաև հավաստիացրել է, որ ապրիլի 24-ի նախաշեմին ՀԽ անդամների կալանավորումը չի ազդել իշխանությունների դեմ պայքարը շարունակելու իրենց որոշման վրա, այլ, ընդհակառակը, նոր խթան է հաղորդել դրան: «Մայիսի 30-ին մենք կանցկացնենք հերթական հանրահավքը, որի ժամանակ կհաղորդենք մեր հետագա գործունեության մասին» - նշել է նա:
ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանն իր հերթին նշել է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ճնշումներով Հայաստանի իշխանությունները վերստին ապացուցեցին, որ վախենում են զանգվածային միջոցառումներից, քանի որ դրանք կարող են վերաճել քաղաքացիական անհնազանդության: «Նրանք ցույց տվեցին իրենց թույլ տեղը, և մենք, անշուշտ, դրանից կօգտվենք: Մեր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն ուժի մեջ է, և մենք մտադիր ենք մինչև տարեվերջ տապալել գործող ռեժիմը», - եզրափակել է Չուգասզյանը: