ՀԱԿ-ԲՀԿ հետագա համագործակցությունը կախված է վերջինի
դիրքորոշումից: ԲՀԿ պետք է կողմնորոշվի քաղաքական դաշտում իր հետագա
գործողությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լևոն Զուրաբյանը` ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ:
Նրա ասելով, իշխանության կոշտ ճնշման ներքո, բազմաթիվ
սպառնալիքների և շանտաժի պատճառով ԲՀԿ-ն ստիպված էր փոքր-ինչ փոխել իր
դիրքորոշումը, և այժմ «ծագել են մի շարք հարցեր, որոնց ԲՀԿ-ն պետք է պատասխան տա»:
«Մենք չգիտենք, թե ԲՀԿ-ն որքանով հետևողական կլինի իշխանության դեմ իր պայքարում,
որքանով հավատարիմ կմնա վերջին ամիսներին իր որդեգրած գծին: Մենք մեր կողմից
միանգամայն կառուցողական ենք տրամադրված և պատրաստ ենք հետագա համատեղ աշխատանքի:
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ԲՀԿ-ին այժմ պետք է ժամանակ տալ», - ասել է
Զուրաբյանը:
Այդ համատեքստում ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ
ՀԱԿ ներկայացուցիչները մարտի 5-ին ԲՀԿ
համագումարին մասնակցելու հրավեր չեն ստացել, ինչը միանգամայն բնական է: «Նրանք
ունեն բազմաթիվ ներքին հարցեր, որոնք պետք է լուծեն հենց իրենք` առանց որևէ ուժի
մասնակցության և ներգրավման», - համոզված է Զուրաբյանը:
Պատասխանելով
այն հարցին, թե արդյոք կարող էին ինչ-որ պայմանավորվածություններ լինել Սերժ
Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, ինչից հետո ԲՀԿ հրաժարվեց փետրվարի 20-ին
նախատեսված հանրահավաքից և նահանջեց իր արմատական դիրքորոշումից, Զուրաբյանը
հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ որևէ համաձայնության կամ պայմանավորվածության
մասին: «Կարող եմ ասել մեկ բան միայն. մինչ օրս Սերժ Սարգսյանը ո՟ր
պայմանավորվածությունն է կատարել` այսօր նրա հետ ինչ-որ նոր փոխհամաձայնության
գնալու համար», - հռետորական հարց է տվել Զուրաբյանը: