Ռուս-թուրքական հարաբերությունների խորացող ճգնաժամում լիցքաթափման նույնիսկ նվազագույն նախադրյալների բացակայության պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը Ռեջեփ Էրդողանի հետ ուղղակի շփմանը կարող է լարվածության նոր ալիքի առիթ հանդիսանալ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահը բազմիցս փորձել է հեռախոսազրույց ունենալ ռուսաստանցի գործընկերոջ հետ՝ երկկողմ հարաբերություններում խնդիրների քննարկման նպատակով: Ի պատասխան՝ Մոսկվան շարունակում է լռություն պահպանել:
ՙԸստ երևույթին, Կրեմլում լիովին գիտակցում են դա, և այդ պատճառով, թուրք-սիրական սահմանի մոտ նոր միջադեպի լույսի ներքո, Պուտինի հետ հեռախոսազրույցի համար ռուսական կողմին ուղղված Էրդողանի խնդրանքը Մոսկվայի կողմից անտեսվել է՚,- նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների ղեկավարների մակարդակով շփումը կգնահատվի որպես Մոսկվայի նահանջ ավելի վաղ հնչած կոշտ դիրքորոշումներից: Մելիքյանը չի կասկածում, որ նման շփումից անմիջապես հետո թուրքերը ևս մեկ անգամ Մոսկվային նվաստացնելու միջոց կգտնեն, որպեսզի ռուսական քաղաքական ղեկավարության հեղինակությանը զգալի վնաս հասցվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:
Այս առումով նա կարևոր է համարում, որ ԵՏՄ և ՀԱՊԿ գծով Ռուսաստանի մերձավոր դաշնակիցները, որոնք ներկայացնում են Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունները, չփորձեն իրենց միջնորդությունն առաջարկել ռուս-թուրքական ռազմաքաղաքական ճգնաժամի կարգավորման համար: Ըստ վերլուծաբանի, նման փորձերը, թշնամանքի հետագա սրման Անկարայի որոշակի տրամադրվածության պատճառով, կվարկաբեկեն նման միջնորդության նախաձեռնողներին և բացասաբար կանդրադառնան Կրեմլի հետ փոխվստահության մակարդակի վրա:
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունենրում քաղաքական լուրջ ճգնաժամի առիթ է հանդիսացել նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական հրթիռի կողմից ռուսական Սու-24 ռմբարկուի ոչնչացումը: