ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ օդանավակայանի հին (կլոր) շենքը ներառված չէ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:
«Վերջին 5 տարիներին այդ ցանկում որևէ հուշարձանի կամ շինության ներառման ոչ մի գործընթաց չի եղել: Այդ հարցով զբաղվում է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովը, որը պետք է իր եզրակացությունը ներկայացնի օբյեկտն այդ ցանկում ներառելու համար, որից հետո ներկայացնի մշակույթի նախարարությանը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վերաբերյալ հանձնաժողովը ոչ մի եզրակացություն չի ներկայացրել: Այսինքն, այսօր դեռ վաղ է դե-ֆակտո խոսել նման բաների շուրջ»,-նշել է նախարարը: Միևնույն ժամանակ, նա դրական գնահատական է տվել օդանավակայանի հին շենքի շուրջ փորձագետների քննարկումներին: «Շատ կարոր է մասնագետների կարծիքների ընդհանրացումը: Դա շատ կարևոր է ցանկացած գործընթացի զարգացման համար»,-ասել է նախարարը:
Իր հերթին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, հաղորդել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի շուրջ քննարկումները տեղի կունենան նախարարության մակարդակով: «Կարծում եմ, որ այդ հարցը կքննարկվի առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում»,-ասել է նա:
«Այժմ կոնցեսիոներն ունի միայն էստակադան դեմոնտաժելու թույլտվություն, և այստեղ էլ խոսքը գնում է միայն այն մասի մասին, որը գտնվում է վթարային վիճակում»,-նշել է Սարգսյանը: Նրա կարծիքով, հիմնական շենքին ներկայումս ոչ մի վտանգ չի սպառնում:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից «Զվարթնոց՚ օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
2013 թ. «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարություն էր տարածել, որ «Զվարթնոցի» հին շենքը «շատ վտանգավոր կառույց» է և չի համապատասխանում օդագնացության ժամանակակից պահանջներին: Շենքի քանդման նախագիծն արժանացել էր ճարտարապետների խիստ քննադատությանը, ովքեր նշում են, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում:
2015 թվականին կոնցեսիոները նոր նախագիծ ներկայացրեց, ինչը ենթադրում է «Զվարթնոցի» հին շենքի մասնակի պահպանում: Համաձայն դրա՝ կպահպանվի միայն դիսպետչերական աշտարակը, իսկ հին տերմինալը նախատեսվում է քանդել:
«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի շրջանային էստակադայի քանդման թույլտվությունը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին:
Սակայն, հայ ճարտարապետների դիրքորոշումը մնում է անփոփոխ, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պետք է պահպանվի ամբողջությամբ: Մասնավորապես, նշվում է, որ այդ շենքը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս օբյեկտների (ԱԷԿ, ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին կառուցվել է անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի: