ՀՀ կառավարությունը կատարել է ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի առնչությամբ առևտրակաների բոլոր պահանջները, և նոր պահանջներ չկան: Այդ մասին հունվարի 30-ին կառավարությունում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մինչդեռ կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ցուցարարներ կրկին հիշյալ օրենքի գործողության կասեցում էին պահանջում:
Միրումյանը նշել է, որ ՙՇրջանառության հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունը, որն ընդունվեց դեռևս 2014 թ. հունիսին, և գործողությունը նախատեսվեց հոկտեմբերի 1-ից, ըստ էության, փոխզիջումային տարբերակ էր: ՙԴրա էությունն այն էր, որ պետությունը շեշտակի նվազեցրեց հարկային բեռը՝ փոխարենը սահմանելով փաստաթղթավորման պարտադիր պահանջ: Այնուհետև 2014 թ. հոկտեմբերի 1-ից այս գործընթացի ժամկետն ապրանքների գույքագրման մասով տեղափոխվեց մինչև 2015 թ. փետրվարի 1-ը, և դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր հարկ վճարողները որոշակի խնդիրներ էին բարձրացնում, որ դեռևս կան չկարգավորված հարցեր, որոնք գործընթացի իրականացումը դժվարացնում են:
Առաջին հարցն այն էր, որ դեռևս կան բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարում են ապրանքային ձեռքբերումներ, և կատարված ապրանքային ձեռքբերումներն անմիջականորեն իրենք չեն տեղափոխում՝ մասնավորապես, տրանսպորտային ծախսերի թանկությամբ և ոչ մատչելիությամբ պայմանավորված, քանի որ փոքր ապրանքային քանակություններով էին ներմուծում դա, և դա կատարվում էր մասնագիտացված տեղափոխող կազմակերպության միջոցով, և նրանք չեն կարողանում ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր: 2014 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց այդ որոշումը, և դրանով այդ հարցը կարգավորվեց: Մասնավորապես, շատ հստակ սահմանվեց, որ բոլոր այն դեպքերում, երբ մեծ տնտեսավարող սուբյեկտները Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք են բերում համապատասխան փաստաթղթեր, անկախ այդ հանգամանքից, այդ փաստաթղթերը մասնակցում են մաքսազերծման գործընթացին, թե չեն մասնակցում, շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար դրանք համարվում են բավարար, և տնտեսավարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ շարունակել աշխատել շրջանառության հարկի դաշտում:Երկրորդ խնդիրը կապված էր այն հանգամանքի հետ, որ մեր տնտեսավարող սուբյեկտները դժգոհություն էին հայտնում, որ գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ, որովհետև պահանջում է, որպեսզի մանրամասն նկարագրվեն յուրաքանչյուր ապրանքախմբում ներառված ապրանքների տեսակները՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի կոնկրետ նկարագրության: Մենք վերանայեցինք նաև այդ ձևը, և այն էականորեն հեշտացվել է. տնտեսավարող սուբյեկտներն իրենց ամբողջ տնտեսական գործունեության ընթացքում ընդամենը մեկ անգամ պետք է ներկայացնեն այդ փաստաթուղթը հարկային մարմիններ՚,- ասել է Միրումյանը:
Միաժամանակ կառավարության շենքի մոտ բազմաթիվ ցուցարարներ շարունակում էին գանգատվել, որ չեն կարողանում ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր ստանալ մեծածախ առևտրականներից և խոշոր առևտրային ցանցերում: Այդ խնդիրն այսօր կառավարությունում չի քննարկվել:
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թ. հոկտեմբերի 1-ից, սակայն բողոքի բազմաթիվ ակցիաները ստիպել են գործադիր իշխանությանը վերջինիս կիրառման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 1-ը: Օրենքի դրույթների համաձայն, նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Սակայն, փաստաթուղթը գործարքների պարտադիր փաստաթղթաշրջանառության վերաբերյալ պահանջ է պարունակում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել:
Նշենք, որ փաստաթղթերի բացակայության դեպքում ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: