Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), ողջունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ըդնունած բանաձևը, կարծում է, որ այդ փաստաթուղթը կարող է նպաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ANCA հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի կոշտ և արդար բանաձևը երկընտրանքի առջև է դրել ԱՄՆ նախագահին: Ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում Օբաման պետք է ընտրություն կատարի Եվրախորհրդարանի և Հռոմի պապի կամ Էրդողանի միջև: Նա կամ պետք է պաշտպանի ճշմարտությունը, կամ շարունակի պաշտպանել սուտը»: Այնուհետև հայտարարությունում հիշեցվում է, որ ԱՄՆ 50 նահանգներից 43-րն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Բարաք Օբաման մինչև նախագահ ընտրվելը հայ համայնքին խոստացել էր ընտրվելուց հետո ճանաչել Ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Անկարային, Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդին, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ճանաչել և դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1987 թվականին: